«Նոր» Բրիտանիան, «արցախցի» Ռուբեն Վարդանյանն ու «հին» Ադրբեջանը Անժելա Էլիբեգովայի հետ հարցազրույցում
Քաղաքական
19:13 09/09/2022
ԼՂՀ

«Նոր» Բրիտանիան, «արցախցի» Ռուբեն Վարդանյանն ու «հին» Ադրբեջանը Անժելա Էլիբեգովայի հետ հարցազրույցում

Եղիսաբեթ II թագուհու մահից հետո Անգլիայի թագավոր դարձավ Ուելսի նախկին արքայազն, թագաժառանգ Չարլզը, որն ընդունեց Կառլ III անունը: Panorama.am-ն ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային մի քանի հարց ուղղեց Անգլիա-Ադրբեջան հարաբերությւոնների և Արցախի շուրջ զարգացումների վերաբերյալ:

Panorama.am-Մեծ Բրիտանիայի նոր թագավորի նշանակումը ինչպե՞ս կազդի Լոնդոն-Բաքու հարաբերությունների վրա՝ Ադրբեջանում բրիտանական նավթային, գազային պրոյեկտների առկայության տեսանկյունից:

Ա. Էլիբեգովա-Բրիտանական մամուլում և հետաքննություններ անցկացնող միջազգային կազմակերպությունների հրապարակած հոդվածներում տարիներ առաջ արդեն բացահայտվել են ադրբեջանական ֆինանսական և քաղաքական էլիտաների սերտ ընկերական կապերը և՛ արդեն թագավոր Չարլզի, և՛ արքայազն Էնդրյուի հետ, որոնք բավականին լուրջ ֆինանսական կապեր ունեն ադրբեջանական էլիտաների հետ:

Արքայազն էնդրյուն նաև շատ հաճախ սիրով հյուրընկալվում է Բաքվում: Դրա մասին միջազգային մամուլը բավականին մանրամասն գրել է: Ադրբեջանական կապիտալը և օլիգարխների երեխաները, այդ թվում նաև Իլհամ Ալիևի ընտանիքը Լոնդոնում մեծ ֆինանսական և տնտեսական բիզնես պրոյեկտներ ունեն, այդ թվում նաև բավականին թանկարժեք անշարժ գույք՝ բնակարաններ, տներ, որոնց մասին նույնպես հաճախ գրվում է բրիտանական մամուլում: Այսինքը՝ ֆինանսական և տնտեսական կապերն բավականին ամուր են Բրիտանական և Ադրբեջանական էլիտաների մջև:

Panorama.am-Բրիտանական տնտեսական շահն ընդհանրապես ի՞նչ ազդեցություն է ունեցել արցախյան հիմնախնդրում այդ պետության դիրքորոշման վրա:

Ա. Էլիբեգովա-Ինչ վերաբերում է Բրիտանիա-Ադրբեջան հարաբերություններին՝ բրիտանական նավթային և գազային պրոյեկտների շահի տեսանկյունից, ապա ասեմ, որ դրանք միանշանակ ազդում են տարածաշրջանում իրենց հետաքրքրությունների վրա, քանի որ 1994 թվականից սկսած «Բրիթիշ փեթրոլիում»-ը մտավ Ադրբեջանական շուկա և այդ կորսորցիումը դարի գործարքի շնորհիվ ստացավ մեծ հնարավորություններ ադրբեջանական նավթագազային հատվածում լուրջ դիրքեր գրավելու առումով և մոտակա տասնամյակում այնտեղից գնալու որևէ պլաններ չունի:

Այդ 100 մլրդ դոլարի ներդրումները, որ արվել են «Բրիթիշ փեթրոլիում»-ի կողմից Ադրբեջանի նավթագազային սեկտորում, նաև պայմանավորում են այն փաստը, որ նրանք բավականին լուրջ կերպով հետևում էին, որպեսզի ադրբեջանական նավթամուղերը և գազամուղերը պատերազմների ընթացքում վնաս չկրեն և պատերազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանական նավթագազային սեկտորին հանկարծ որևէ վնաս չհասցվի: Եվրոպական կառույցները, մասնավորապես՝ Բրիտանիան աչալուրջ հետևում էին, որպեսզի իրենց տնտեսական հետաքրքրություններին հանկարծ պատերազմը վնաս չհասցնի:

Panorama.am-Արցախի շուրջ զարգացումների համատեքստում կխնդրեի նաև անդրադառնալ ՌԴ արդեն նախկին քաղաքացի Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու անսպասելի որոշմանը:

Ա. Էլիբեգովա-Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու վերաբերյալ ասեմ, որ այստեղ ինձ համար ուշագրավ էր նրա՝ ադրբեջանական հասարակության հետ համակեցության ուղիների և երկխոսության մասին հայտարարությունը: Կարծում եմ, որ պետք է բավականին զգույշ լինել նման մտքերի կամ պլանների հարցում, քանի որ մենք բոլորս գիտենք, որ Ադրբեջանում հայատյացությունը որպես պետական քաղաքականություն պատերազմից հետո ոչ միայն չի դադարել, այլ հակառակը՝ միայն ահագնացել է: Թշնամին շարունակում է պատերազմի պատրաստվել, իր սերունդներին մեծացնել հայատյացության մթնոլորտում:

Այս առումով շատ վտանգավոր է մեզ համար, որ եթե մեզ անընդհատ քարոզեն խաղաղ համակեցություն, իսկ թշնամին շարունակի պատրաստվել ագրեսիայի և հարձակման, ապա այն կարող է բթացնել մեր զգոնությունը և ստեղծի անիրական պատրանքներ: Հետևաբար իրատեսական չեմ տեսնում առանց Ադրբեջանի ներսում շատ լուրջ դենացիֆիկացիայի պրոցեսի, որևէ երկխոսության և խաղաղ համակեցության որևէ փորձ:

Զրուցեց Ա. Վարդանյանը
 

Placeholder