Ամուլսարի շուրջ առկա լարվածությունն ավելի երկար կյանք է ունենալու․ Իրավապաշտպան
Տնտեսություն
18:15 12/09/2022
Հայաստան

Ամուլսարի շուրջ առկա լարվածությունն ավելի երկար կյանք է ունենալու․ Իրավապաշտպան

«Որևէ զարմանք կամ անսպասելի բան չկար, քաղհասարակությունը համոզված էր, որ «Լիդիան Արմենիա»-ն կդիմի ՏԿԵՆ՝ ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգելու համար»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը։

Նշենք, որ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ Ամուլսարի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը 3 տարի 5 ամիս 20 օրով երկարաձգելու խնդրանքով:

Դուլգարյանի խոսքով ՝ ՀԿ ներկայացուցիչները քանիցս արտահայտել են համոզմունք, որ  «Ընդերքի մասին լրացումներ և  փոփոխություններ կատարելու  մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններն արվել են և օրենքն ուժի մեջ է մտել հենց այդ ընկերության համար։

«Օրենքը մշակում են, երբ առաջանում է դրա կարիքը և բացի «Լիդիան Արմենիա»-ից որևէ այլ ընկերություն դրա կարիքը չի ունեցել։ Ինչի վառ վկայությունն այն է, որ միակ ընկերությունը , որը դիմել է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգելու խնդրանքով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն է եղել»,- ասաց իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝  տվյալ օրենքը հասարակության շրջանում ավելի է մեծացնում սոցիալական լարվածությունը։
«Օրենքի հեղինակները, տվյալ դեպքում ՝ ՏԿԵՆ, նշում էին, որ օրենքը   ներդրումային վստահելի միջավայր ձևավորելու համար է։ Սակայն  փաստացի ձևավորվել է անվստահելի միջավայր։ Հակված եմ մտածելու, որ «Լիդիան Արմենիա»-ն կստանա այդ թույլտվությունը, բայց միևնույն ժամանակ կմեծանա լարվածությունը։ Եթե նման իրավունք տրվի «Լիդիան Արմենիա»-ին և փորձ կատարվի իրականացնել հանքարդյունահանում,  ապա հասարակությունը, նաև բնակչությունը  կշարունակեն պայքարել։ Այսինքն՝ հանքարդյունահանողի կարծիքը վերադասվել է համայնքի կարծիքից։ Կարծում եմ՝ Ամուլսարի շուրջ  առկա լարվածությունը ավելի երկար կյանք է ունենալու, քանի որ հանքարդյունահանման ոլորտում ստեղծվում է անկայություն և համայնքների հետ փոխհարաբերություններում անվստահություն, ինչը շատ վտանագավոր է նախադեպ է»,- նշեց Դուլգարյանը։

Իրավապաշտպանը համոզված է, որ օրենքը չի ծառայելու իր նպատակին, քանի որ համայնքի կարծիքն անշեղելի է և մարդիկ պատրաստ են պայքարելու իրենց իրավունքների, հատկապես՝ առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի համար։

«Եթե նույնիսկ Լիդիանն այդ իրավունքը ստանա, միևնույն է՝ համայնքի բնակիչները կպայքարեն։  Ավելին, առաջանալու է հասարակության և պետության միջև բևեռացում, որն ավելի կերկարացնի Ամուլսարի խնդրի լուծումը»։

Placeholder