Թուրքիան սրանից հետո էլ շարունակելու է սատարել Ադրբեջանին. Աքար
Քաղաքական
16:32 13/09/2022
Տարածաշրջան

Թուրքիան սրանից հետո էլ շարունակելու է սատարել Ադրբեջանին. Աքար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ու Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց են ունեցել: Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Էրմենիհաբերը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Աքարն իր «ցավակցություններն է հայտնել գիշերը սահմանային բախումների ժամանակ սպանված  ադրբեջանցի զինվորների կապակցությամբ, իսկ վիրավորներին մաղթել է ապաքինում»:

Աքարը նաև շեշտել է, որ Թուրքիան մշտապես կանգնած է «եղբայրական Ադրբեջանի կողքին» է և սրանից հետո էլ է շարունակելու սատարել Ադրբեջանին։

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ արդեն հասցրել են արձագանքել մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին կեսգիշերն անց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա, ինչի հետևանքով կա պաշտոնապես հաստատված 49 զոհ։

Թշնամու հարձակման օբյեկտ են դարձվել (հրետակոծվել են) Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապ օգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ, նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:

 

Placeholder