Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրում՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով
Քաղաքական
13:59 13/09/2022
Աշխարհ

Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրում՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով

Ֆրանսիան դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, երեքշաբթի հաղորդել է AFP գործակալությունը ՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

«Ֆրանսիան դիմելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների հարցով, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 49 հայ զինվոր»,- ասված է հայտարարության մեջ։

Տեղեկացնենք, որ Ֆրանսիան ներկայումս նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ 

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ ներկայացնելով, որ Ադրբեջանը կեսգիշերից սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ սահմանի տարբեր ուղղություններով:

Նախագահ Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին կեսգիշերն անց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա, ինչի հետևանքով կա պաշտոնապես հաստատված 49 զոհ։

Թշնամու հարձակման օբյեկտ են դարձվել (հրետակոծվել են) Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապ օգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ, նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:

Placeholder
Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրում՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով