Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ-ն դիմել է Եվրոպական դատարան՝ տեսանյութերում երևացող ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանության համար
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայտնում է.
«Երեկվանից համացանցում տարածվում են տեսագրություններ, որտեղ երևում են հայ ռազմագերիներ, որոնք փաստացի գտնվում են ադրբեջանցի զինծառայողների վերահսկողության տակ։
Ի լրումն մեր երեկվա՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի, Եվրոպական դատարան ենք ներկայացրել միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ տեսանյութերում երևացող զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության համար։
Զուգահեռաբար, համապատասխան կառույցների հետ, շարունակում ենք գերեվարված անձանց նույնականացման գործընթացը»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ ՀՀ պաշտպանության նախարարության երեկվա հրապարակած տվյալներով հայկական կողմից կա հաստատված 49 զոհ։