ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության կոչ է արել
Քաղաքական
22:28 13/09/2022
Հայաստան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության կոչ է արել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների վերսկսման մասին հաղորդագրություններով, և կողմերին կոչ է անում միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի ղեկավարի անունից նրա մամուլի քարտուղարի տարածած հայտարարության մեջ։

«Նա կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու, առավելագույն զսպվածություն ցուցաբերելու և մնացած բոլոր չլուծված խնդիրները երկխոսության և գոյություն ունեցող [բանակցային] ձևաչափերի շրջանակներում լուծելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նաև կոչ է արել լիովին հետևել նախկին պայմանավորվածություններին և աջակցություն հայտնել տարածաշրջանում շարունակվող միջնորդական ջանքերին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին կեսգիշերն անց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա, ինչի հետևանքով կա պաշտոնապես հաստատված 49 զոհ։

Թշնամու հարձակման օբյեկտ են դարձվել (հրետակոծվել են) Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապ օգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ, նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:
 

Placeholder
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության կոչ է արել