«Ադրբեջանն ավարտել է ռազմական գործողությունը Հայաստանի հետ սահմանին». Էրդողան
Քաղաքական
19:12 17/09/2022
Տարածաշրջան

«Ադրբեջանն ավարտել է ռազմական գործողությունը Հայաստանի հետ սահմանին». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևից տեղեկություն է ստացել Հայաստանի հետ սահմանին «ռազմական գործողության» ավարտի մասին։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։

Էրդողանի խոսքով, քանի որ գործողությունն արդեն ավարտված է, հիմա դրա քննարկումը իմաստ չունի։

«Պարոն Ալիևից ստացած տեղեկությունների համաձայն՝ մեր ադրբեջանցի եղբայրներն այժմ տեղափոխվել են անվտանգ դիրք։
Հայաստանի համար կարևոր է որքան հնարավոր է շուտ հրաժարվել Ադրբեջանի դեմ սադրանքներից, գործել նախկինում ստանձնած պարտավորություններին համապատասխան և կենտրոնանալ խաղաղության և համագործակցության վրա»,- Սամարղանդից վերադառնալու  ճանապարհին ինքնաթիռում ասել է նա լրագրողներին։

Էրդողանը նաև  հայտարարել է, որ հոկտեմբերի 20-ին կայցելի «Ղարաբաղի Զանգելանի շրջան, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին օդանավակայան կբացի»։

«Նա (Իլհամ Ալիևը) ասել է. «Բացումից հետո մենք կգնանք Ջաբրայիլի շրջան։ Մենք համաձայնվեցինք։ Գուցե նա նաև որոշ առաջնորդների հրավիրի այնտեղ», - ասել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։ 

Ադրբեջանական հարձակման արդունքում Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել է առնվազն 7600 անձ, որոնց մեծամասնությունը կանայք, երեխաներ, ծերեր ու հաշմանդամություն ունեցող անձինք են։ 

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտարարել է՝ Հայաստանի վրա ադրբեջանական կողմի վերջին հարձակման հետևանքով, Ժնևի կոնվենցիաների կոպտագույն խախտմամբ գերեվարվել է ճանաչված առնվազն 7 ռազմագերի, լուրջ վնասներ են կրել քաղաքացիների մոտ 200 տներ։ 

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման  հետևանքով մեկ տասնյակից ավելի  հայ զինծառայող է գերեվարվել. «Պատկերը դեռ խաբուսիկ է, կարող է փոփոխվել»։

ՄԻՊ աշխատակամից այսօր հայտնել են, որ հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների կտտանքների փաստերը վերլուծված են զեկույցի ոչ հրապարկման ենթակա հատվածում և, ըստ ՄԻՊ-ի հրապարակման՝ «պատշաճ կարգով ներկայացվել են միջազգային իրավասու կազմակերպություններին և դերակատարներին»։

Ոչ մի խելամիտ մարդ, լինի քաղաքական գործիչ, թե քաղաքականությունից հեռու մեկը, չի հավատա Էրդողանի ու ալիևի ռազմական նկրտումների ավարտին, քանի որ դրանք հենվում են, օրինակ՝ հայկական կողմի «սադրանքի» անհավատալի պնդմանը։

 

 


 

Placeholder
«Ադրբեջանն ավարտել է ռազմական գործողությունը Հայաստանի հետ սահմանին». Էրդողան