Հայաստանից հայտնում են Ադրբեջանի հարձակման հետևանքով 10-ից ավելի հայ զինծառայողի գերեվարման մասին. «Արմենպրես»
Իրավունք
13:09 17/09/2022
Հայաստան

Հայաստանից հայտնում են Ադրբեջանի հարձակման հետևանքով 10-ից ավելի հայ զինծառայողի գերեվարման մասին. «Արմենպրես»

Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման  հետևանքով մեկ տասնյակից ավելի  հայ զինծառայող է գերեվարվել:

«Պատկերը դեռ խաբուսիկ է, կարող է փոփոխվել: Նույնականացված գերիների հետ կապված այլ ինֆորմացիա չեմ կարող նշել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գերիների տեսանյութերի մասով հարցում է արել Ադրբեջանին՝ սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու և տեսանյութերում երևացող մնացած չնույնականացված գերիների մասով՝ ժամկետ տալով մինչեւ սեպտեմբերի 22-ը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հ.Սամվելյանը նաև հայտնել է, որ Հայաստանը  դիմում է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների հիմքով։ Նա նշել է, որ նամակն ուղարկել են, սակայն պաշտոնապես կհրապարակեն սեպտեմբերի 19-ին:

«Արդարադատության միջազգային դատարան դիմելու հիմքը Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործություններ կատարելն է»,-ասել է նա։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ օրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 135 է։ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել է, որ հայկական կողմն ունի զոհեր նաև խաղաղ բնակիչների շրջանում։

Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։ 

Placeholder
Հայաստանից հայտնում են Ադրբեջանի հարձակման հետևանքով 10-ից ավելի հայ զինծառայողի գերեվարման մասին. «Արմենպրես»