Ադրբեջանի հարձակման պատճառով 25 հազար դպրոցահասակ երեխայի կրթությունն ընդհատվել է
Կրթություն, գիտություն
14:05 19/09/2022

Ադրբեջանի հարձակման պատճառով 25 հազար դպրոցահասակ երեխայի կրթությունն ընդհատվել է

«Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի որոշ բնակավայրերում անվտանգային լուրջ հարցեր են առաջացել։  Սա բերել է նրան, որ այս բնակավայրերում երեխաները զրկվեցին կրթության շարունակականության ապահովման հնարավորությունից, կրթության իրավունքից»,- ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, որ երեք մարզերում 25 հազար դպրոցահասակ երեխաների և ավելի քան 6 հազար երեխաների նախադպրոցական կրթությունն ընդհատվել է։

Փոխնախարարը հայտնեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում այս բնակավայրերում ուղղակի արձակուրդ է եղել, չեն գործել ուսումնական հաստատությունները՝ հաշվի առնելով լրացուցիչ տեխնիկական բարդություններ չունենալու և գործընթացին լրացուցիչ  լարվածություն չբերելու հանգամանքները, հետագայում բաց թողնվածը լրացնելու պայմանով։

«Մենք հետևել ենք ընթացքին, կապի մեջ լինելով երեք մարզերում մեր գործընկերների հետ՝ որոշում ունենք և արդեն այսօրվանից դպրոցները վերականգնել են իրենց աշխատանքը։ Բայց մենք ունենք տարբեր իրավիճակներ։  Այն դպրոցներում, որտեղ  հնարավորություն կա և անվտանգության ապահովման տեսանկյունից կան համապատասխան հնարավորություններ, կրթությունը կազմակերպվում է առկա եղանակով։ Մյուս բնակավայրերում, որտեղ մի շարք հանգամանքներ հաշվի առնելով դեռևս առկա ուսուցման վերադառնալ հնարավոր չէ, գործընթացը կկազմակերպվի հեռավար»,- ասաց Ժ. Անդրեասյանը։

Գեղարքունիքի մարզում հեռավար ուսուցմամբ կրթությունը վերսկսել է 12 դպրոց, որոնք հիմնականում Վարդենիսի տարածաշրջանի դպրոցներ են, Վայոց Ձորում՝ Ջերմուկում, 3 դպրոց է գործում հեռավար, իսկ Սյունիքում միայն 5 դպրոց է գործում առկա (Քաջարանում և 1 դպրոց Կապանում)։

«Կնայենք, թե ինչպես է գործընթացը զարգանում այս օրերի ընթացքում, ամեն օրվա դրությամբ կկայացնենք որոշում երեխաների կրթությունն ավելի ամբողջական ապահովելու համար»,- նշեց ԿԳՄՍ փոխնախարարը։

Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, նա ասաց, որ Գեղարքունիքում, Վայոց Ձորից Ջերմուկում նախադպրոցական հաստատությունները հիմնականում չեն գործում, մյուս բնակավայրերում, Սյունիքի մարզում շատ տեղերում գործում են։

Նա նաև հայտնեց, որ իրենց տեղեկություններով Գեղարքունիքի մարզում՝ Սոթքում և Այրքում, վնասվել է երկու դպրոց։ Վնասի չափը ճշտվում է ։

Placeholder