Իրանում շարունակվում են բողոքի ակցիաները
Տարածաշրջան
12:12 20/09/2022
Տարածաշրջան

Իրանում շարունակվում են բողոքի ակցիաները

Իրանում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք սկսվել են 22-ամյա Մահսա Ամինիի մահվան մասին լուրից հետո։ 

Եվրանյուզը գրում է, որ Թեհրանում ձերբակալված երիտասարդ քուրդ կնոջ մահից օրեր անց Իրանի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել: 

Բի-Բի-Սի-ն գրում է, որ Ամինիի մահը բողոքի ցույցեր է առաջացրել մայրաքաղաքում և  Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Քրդստանի նահանգում: Այնտեղ, ըստ տեղական աղբյուրների, երկուշաբթի օրը ոստիկանության հետ բախումների հետևանքով երկու մարդ է զոհվել, և ավելի քան երեսուն մարդ վնասվածք է ստացել, այդ թվում՝ ծանր: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են գտնել աղջկա մահվան մեջ մեղավորներին։ 

ԶԼՄ-ների տեղեկություններով,  22-ամյա Մահսա Ամինիին ձերբակալել է ոստիկանությունը հիջաբ կրելու խիստ կանոնները չպահպանելու համար։ Ձերբակալվելուց օրեր անց սեպտեմբերի 16-ին նա Թեհրանում մահացել է։ Պաշտոնական տվյալներով,  աղջիկը մահացել է  սրտի կաթվածից։  Ականատեսներն ու ընտանիքը պատմում են, որ նրան ծեծել են, նրա մարմնի վրա խոշտանգումների և բռնության հետքեր են եղել։

Վրդովված մուսուլման կանայք սոցիալական ցանցերում ֆլեշմոբ են կազմակերպել, որտեղ նրանք ցուցադրաբար այրում են իրենց հիջաբները և կտրում մազերը՝ ի նշան ոստիկանության գործողությունների դեմ բողոքի։

dw.com կայքը գրում է, որ համացանցում ավելի ու ավելի շատ լուսանկարներ ու տեսանյութեր են տեղադրվում, որոնցում հայտնի իրանցիները հայտնվում են կտրած մազերով՝ ի համերաշխություն մահացած Ամինիի։ Նրանց թվում է հայտնի դերասանուհի Անահիտա Հեմմատին։

Placeholder