Թշնամին ևս 95 զինծառայողի մարմին է փոխանցել հայկական կողմին
Քաղաքական
13:39 20/09/2022
Հայաստան

Թշնամին ևս 95 զինծառայողի մարմին է փոխանցել հայկական կողմին

Թշնամին Հայաստանին է փոխանցել 95 զինծառայողի մարմին։ Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այս տեղեկությունը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝ չհայտնելով այլ մարմանրամասներ։

Մարմինները փոխանցվել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։

«Հայ զինծառայողների մարմինների փոխանցման գործընթացը կշարունակվի»,-գրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հիշեցնելով, որ օրեր առաջ 32 զինծառայողի մարմին էր փոխանցվել։

Սեպտեմբերի 19-ին Անվտանգության խորհրդի նիստում ընդունված հայտարարության համաձայն,  Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում` Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա:

Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ուղղություններով մխրճվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: 

 

Placeholder
Թշնամին ևս 95 զինծառայողի մարմին է փոխանցել հայկական կողմին