Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավոր քաղաքացիական անձանցից մեկը մահացել է
Առողջություն
16:57 22/09/2022
Հայաստան

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավոր քաղաքացիական անձանցից մեկը մահացել է

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած և ստացիոնարում բուժվող քաղաքացիական անձանցից մեկը մահացել է: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից ու ավելացնում են՝ երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

ԱՆ-ից հիշեցնում են, որ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական 7 անձ:

Հիշեցնենք, որ 2 սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում` Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա:

Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ուղղություններով մխրճվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:

Placeholder
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավոր քաղաքացիական անձանցից մեկը մահացել է