Հայաստանում վերջին երկու տարում սրտանոթային հիվանդություններից մահերի թիվը աճել  է
Առողջություն
15:55 29/09/2022

Հայաստանում վերջին երկու տարում սրտանոթային հիվանդություններից մահերի թիվը աճել է

«Ինչպես Հայաստանում, այնպես էլ ցանկացած երկրում, սրտանոթային հիվանդություններն առողջապահական համակարգի գերակա հիմնախնդիրներից մեկն են, քանի որ հիվանդացության և մահացության ցուցանիշները բավականին բարձր են»,- ասուլիսում ասաց  Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ Դիանա Անդրեասյանը։

ԱՀԿ տվյալներով, աշխարհում յուրաքանչյուր տարի սրտանոթային համակարգի հիվանդություններից մահացությունը կազմում է շուրջ 16,6  միլիոն։ Դ. Անդրեասյանի խոսքով, մահացության բարձր ցուցանիշն ավելի բնորոշ է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին։

Ըստ ԱՀԿ կանխատեսումների, եթե համապատասխան կանխարգելիչ, բուժման միջոցառումներ չիրականացվեն, մինչև 2030 թվականը տարեկան կարձանագրվի շուրջ 23 միլիոն մահվան դեպք։

Ինչ վերաբերում է  Հայաստանին, Դ. Անդրեասյանն ասաց, որ մահացության կառուցվածքում, բնականաբար, սրտանոթային հիվանդությունները զբաղեցնում են  առաջին տեղը, մահացությունը կազմում է 48,3 տոկոս ընդհանուր մահացության կառուցվածքում։ 2021-ին, 2020-ի համեմատ, արձանագրվել է մահացության թվերի նվազում 525 դեպքով. 2021 թվականի արձանագրվել է  16 հազար 589 դեպք, 2020՝ 17 հազար 114 դեպք։

«Մինչև 2019 թվականն ունեինք թվերի նվազման միտում, սակայն  2020, 2021 թվականների իրադարձությունների հետևանքով ունեցանք ցուցանիշի աճ»,- ասաց Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալը։

Ինչ վերաբերում է կանանց և տղամարդկանց շրջանում մահացությանը, նա փաստեց՝ մտահոգիչ է, որ մինչև 70 տարեկան տղամարդկանց շրջանում, ի համեմատ կանանց, մահացությունը շուրջ 2 անգամ բարձր է։ Սա խոսում է  այն փաստի մասին, որ տղամարդիկ մինչև 70 տարեկան, առավել ևս 35-65 տարքիային խումբը, ռիսկային է, քանի որ իրենց շրջանում այդ մահացության ցուցանիշն ավելի բարձր է։

«Ո՞րն է պատճառը։ Տղամարդկանց ռիսկային վարքագիծը զգալիորեն բարձր է կանանց համեմատ՝  ծխախոտի օգտագործում, զարկերակային  բարձր ճնշման տարածվածություն ազգաբնակչության շրջանում,  ֆիզիկական թերակտիվություն, ավելցուկային քաշ, ճարպակալում, որը բնակչության շրջանում կազմում է 48 տոկոս, աղի չարաշահումը։ Այս ամենն ազդեցություն է ունենում բնակչության առողջության ցուցանիշների վրա»,- ասաց Դ. Անդրեասյանը։

ՀՀ առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանն ասաց, որ նաև սրտի անհետաձգելի վիրահատությունների  պետական ծրագրի շնորհիվ նվազել է սրտանոթային հիվանդություններից մահերի քանակը։

«Վերջին երկու տարում՝ պայմանավոված պատերազմով, սթրեսային իրավիճակներով, կովիդով, որը հանդիսանում է ինֆարկտի, սրտանոթային հիվանդությունների  պատճառ, աղբյուր, սրտանոթային հիվանդություններից մահերի թիվը աճել  է»,- նշեց նա։

Placeholder
Հայաստանում վերջին երկու տարում սրտանոթային հիվանդություններից մահերի թիվը աճել է