Դանիայի թագուհին չորս թոռներին զրկել է թագավորական տիտղոսներից
Քաղաքական
08:40 30/09/2022
Աշխարհ

Դանիայի թագուհին չորս թոռներին զրկել է թագավորական տիտղոսներից

Դանիայի թագուհի Մարգրետը՝ Եվրոպայի միակ կառավարող թագուհին և աշխարհամասում ամենաերկար կառավարող միապետը, իր ութ թոռներից չորսին զրկել է տիտղոսից։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն` հղում անելով The Guardian-ին։ 

Պաշտոնական պատճառն այն է, որ թագավորական ընտանիքը ցանկանում է թույլ տալ իր կրտսեր որդու՝ արքայազն Յոահիմի չորս երեխաներին ավելի նորմալ կյանքով ապրել։ Նմանատիպ քայլեր են անում Եվրոպայում թագավորական մյուս ընտանիքները։ Այն նաև թույլ է տալիս կրճատել միապետի ընտանիքը։

Թագավորական պալատի հայտարարության մեջ նշվում է, որ 2023 թվականի հունվարի 1-ից արքայազն Յոահիմի հետնորդները կկարողանան օգտագործել միայն Մոնպեզայի կոմս և կոմսուհի տիտղոսները, իսկ Դանիայի արքայազնի և արքայադստեր նախկին տիտղոսները կդադարեն գոյություն ունենալ։

53-ամյա արքայազն Յոահիմը երկու ամուսնությունից չորս երեխա ունի՝ Նիկոլայը, Ֆելիքսը, Հենրիկը և Աթենան՝ 23-ից 10 տարեկան։

Արքայազն Յոահիմի երկու ավագ որդիների մայրը դանիական լրատվամիջոցներին ասել է, որ «ցնցված է» այդ որոշումից։

«Երեխաներն իրենց մերժված են զգում»,- BT daily-ին ասել է կոմսուհի Ալեքսանդրան: «Նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչու են իրենցից գողանում իրենց ինքնությունը»,- հավելել է կոմսուհին:

Նշվում է, որ թագուհու մյուս չորս թոռները, որոնք ծնվել են 54-ամյա թագաժառանգ Ֆրեդերիկից, կպահպանեն իրենց տիտղոսները։
 

Placeholder