Թշնամու հարձակումից գրեթե 20 օր անց Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են իրենց աշխատանքները
Հասարակություն
13:33 05/10/2022
Հայաստան

Թշնամու հարձակումից գրեթե 20 օր անց Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են իրենց աշխատանքները

Ադրբեջանի վերջին  հարձակումից առավել տուժած բնակավայրերից է առողջարանային քաղաք Ջերմուկը։ Թշնամին հրետակոծել է Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը, Ջերմուկի ուղղությամբ կիրառել է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր։

Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնից հայտնում են, որ գրեթե 20-օրյա դադարից հետո Ջերմուկում հյուրանոցային բիզնես իրականացնող ընկերությունները վերսկսում են իրենց աշխատանքները։

«Հզոր բանակ, պաշտպանված սահմաններ և բարեկեցիկ կյանք ունենալու համար անհրաժեշտ է աշխատել և զարգացնել տնտեսությունը, կապել մարդկանց հողին։
Մեր բանակին ուժեղ թիկունք է պետք։

Գրեթե 20-օրյա դադարից հետո Ջերմուկում հյուրանոցային բիզնես իրականացնող ընկերությունները վերսկսում են իրենց աշխատանքները։

Մենք վերադառնում ենք նորմալ կյանքի հուն և սպասում մեր քաղաքի բոլոր բարեկամներին:
Թե երկրի տնտեսության, թե հենց Ջերմուկի զարգացման համար անհրաժեշտ է, որ մենք մեր գումարները ծախսենք երկրի ներսում։ Ուստի, բոլորին հրավիրում ենք վայելելու աշնանային Ջերմուկն ու նպաստելու քաղաքի վերածնունդին»,- նշված է Visit Jermuk ֆեյսբուքյան էջում։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել ՀՀ  ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Ըստ պաշտոնական տվյալների, ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա:

«Այս ուղղությամբ հակառակորդն իր  հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ»,- ասել է  ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ տեղեկացնելով, որ Ջերմուկ քաղաքից  մինչև սահման մինչ ռազմական գործողությունների սկսվելը հակառակորդի հեռավորությունը եղել է 11-12 կիլոմետր։

 

 

 

 

Placeholder
Թշնամու հարձակումից գրեթե 20 օր անց Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են իրենց աշխատանքները