Ադրբեջանական աղբյուրներ. Երևանը Բաքվին վեց մարմին է փոխանցել
Քաղաքական
15:18 06/10/2022
Տարածաշրջան

Ադրբեջանական աղբյուրներ. Երևանը Բաքվին վեց մարմին է փոխանցել

Երևանը Բաքվին վեց մահացածի մարմին է հանձնել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով այդ երկրի գլխավոր դատախազության քննչական վարչության ղեկավարի հայտարարությունը։

Նրանք բոլորն էլ սպանվել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ժամանակ։

Պաշտպանության նախարարությունն առակժմ որևէ կերպ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ հարձակման ժամանակ 80 ադրբեջանցի է սպանվել։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

ԱԽ հայտարարության համաձայն, ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա:

Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ուղղություններով մխրճվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:

Placeholder
Ադրբեջանական աղբյուրներ. Երևանը Բաքվին վեց մարմին է փոխանցել