Իրանը Ռուսաստանի օգնությամբ ընդլայնելու է 6 նավթի և 2 գազի հանքավայրերի արդյունահանումը
Տնտեսություն
09:41 10/10/2022
Տարածաշրջան

Իրանը Ռուսաստանի օգնությամբ ընդլայնելու է 6 նավթի և 2 գազի հանքավայրերի արդյունահանումը

Իրանի նավթի նախարարի առևտրի և միջազգային հարցերով տեղակալն ընդգծել է,  որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը համապարփակ նախագիծ է մշակում Իրանի 6  նավթի և 2 գազի խոշոր հանքավայրերի արդյունահանման ընդլայնման համար, գրում է ParsToday-ը։

Ահմադ Ասադզադեն ասել է, որ Մոսկվայում կայացած  Կասպյան տնտեսական համաժողովի շրջանակում արդյունավետ հանդիպումներ են տեղի ունեցել նաև «Գազպրոմնեֆտ» և «Զարոբժենեֆտ» ընկերությունների ներկայացուցիչների հետ, և կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության առանցքների շուրջ։

«Կասպյան տնտեսական համաժողովի շրջանակում ներկայացված առաջարկներից են եղել՝ Կասպից ծովի նավթի ու գազի հանքավայրերի արդյունահանման զարգացումը, մերձկասպյան երկրների միջև տրանսպորտային միջանցքների և էներգետիկ կապերի ստեղծումը, Կասպյան  համատեղ ներդրումային հիմնադրամի ձևավորումը՝ էներգետիկ նախագծերի զարգացման նպատակով», - հավելել է Ասադզադեն։

Նա նաև ասել է, որ առաջիկայում  կկազմակերպեն մասնագիտական համաժողով Իրանի և Ռուսաստանի  նավթարդյունաբերության ոլորտի ակտիվիստների և  մասնավոր ընկերությունների  մասնակցությամբ:
 

Placeholder