ԵՄ-ն ու ԵԽ-ն կոչ են արել Ադրբեջանին ու Հայաստանին միանալ մահապատիժն արգելող արձանագրությանը
Աշխարհում
17:14 10/10/2022
Աշխարհ

ԵՄ-ն ու ԵԽ-ն կոչ են արել Ադրբեջանին ու Հայաստանին միանալ մահապատիժն արգելող արձանագրությանը

Այսօր Մահապատժի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ ԵՄ և Եվրոպայի խորհրդի ղեկավարների անունից տարածած համատեղ հայտարարությունը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ միանալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ Արձանագրությանը, որը վերաբերում է բոլոր հանգամանքներում մահապատժի վերացմանը։

«Մահապատժի դեմ պայքարի եվրոպական և համաշխարհային օրվա կապակցությամբ Եվրամիությունը (ԵՄ) և Եվրոպայի խորհուրդը հաստատակամորեն կրկնում են, որ իրենք միանշանակ դեմ են մահապատժին բոլոր ժամանակներում, բոլոր վայրերում և բոլոր հանգամանքներում։

Այս տարի լրանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ Արձանագրության ուժի մեջ մտնելու քսան տարին, որը վերաբերում է մահապատժի վերացմանը բոլոր հանգամանքներում։ Մենք ողջունում ենք Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետություններին (ներառյալ ԵՄ բոլոր անդամ երկրներին), որոնք վերացրել են մահապատիժը բոլոր հանգամանքներում։ Կոչ ենք անում Եվրոպայի խորհրդի վերջին երկու անդամ պետություններին՝ Հայաստանին ու Ադրբեջանին, որոնք դեռ չեն միացել այս Արձանագրությանը, այդ անել առանց հապաղելու։  Դեռևս մահապատիժ կիրառող պետությունների թվի կայուն նվազումը հաստատում է այս դաժան, անմարդկային և անարդյունավետ պատժից հրաժարվելու համաշխարհային միտումը։ 18 երկրներում 2021-ին դեռևս մահապատիժներ են իրականացրել: Մենք կոչ ենք անում այդ պետություններին մահապատժի մորատորիում մտցնել որպես դրա վերացման առաջին քայլ»,-մասնավորապես ասված է հայտարարության մեջ։

Եվրոպական կառույցները ցավ են հայտնում Դոնեցկում պատահածի, Բելառուսում կատարած օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև կոչ են անում Սինգապուրին, Իրանին, Սաուդյան Արաբիային և այլ երկրներին, որոնք վերջերս ավելացրել են մահապատիժների թիվը, միանալ համաշխարհային միտումին և հրաժարվել այս անմարդկային պատժի կիրառումից։

Placeholder
ԵՄ-ն ու ԵԽ-ն կոչ են արել Ադրբեջանին ու Հայաստանին միանալ մահապատիժն արգելող արձանագրությանը