Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵԽ գլխավոր քարտուղարը Բաքվից տեղեկատվություն է խնդրել հայ ռազմագերիների գնդակահարության մասին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ- Բուրիչը նամակ է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին` պահանջելով մանրամասն և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել Ադրբեջանի իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութի առնչությամբ։
«Հաշվի առնելով վերջերս ստացված մտագոհիչ և ցնցող հաղորդումները՝ ես իմ պարտքն եմ համարում ձեր նախարարությունից պահանջել հստակ և մանրամասն տեղեկատվություն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված մեղադրանքների վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների ձեռնարկած միջոցառումների առնչությամբ։
Նկատի ունեմ վերջին տեսանյութերը, որոնք, ամենայն հավանականությամբ, պարունակում են հայ ռազմագերիների նկատմամբ բռնությունների, այդ թվում՝ արտադատական մահապատիժների կադրեր։
Խնդրում եմ ի գիտություն ընդունել, որ Եվրոպայի խորհուրդը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մանդատի համաձայն հետևողական է լինելու այս հարցում կազմակերպության չափանիշները լիովին ապահովելու նպատակով»,- ասված է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի նամակում։
Մարիա Պեյչինովիչ- Բուրիչը հիշեցրել է իր նախկին հայտարարություններն այն մասին, որ ԵԽ անդամ երկրների միջև տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։
«Ձեր երկրի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության մակարդակով ուղիղ շփումները խոստումնալից են և պետք է շարունակվեն»,- նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։
.jpg)