Շվեդ պատգամավորը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիների սպանությունների մասին. Ինձ հետապնդում են այս տեսարանները
Քաղաքական
15:14 11/10/2022
Տարածաշրջան

Շվեդ պատգամավորը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիների սպանությունների մասին. Ինձ հետապնդում են այս տեսարանները

«Մի քանի օր առաջ մի տեսանյութ ստացա, որտեղ պատկերված էր հայ ռազմագերի կնոջ սարսափելի մահապատիժը։ Ինձ դեռ հետապնդում են այս դաժան տեսարանները և տեղի ունեցող անմարդկային դաժանությունը: Դա նման չարիքներ ներկայացնող միակ տեսանյութը չէ»,-ԵԽԽՎ-ում հայտարարել է շվեդ պատգամավոր, շվեդական պատվիրակության ղեկավար Բորիանա Աբերգը, որը ԵԽԽՎ-ում ԵԺԿ ղեկավարն է։

Նա նշել է, որ  Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայից ի վեր, սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի կողմից բազմաթիվ տեսանյութեր են հրապարակվել, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, հայ ռազմագերիների սպանության սարսափելի տեսարաններ, հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց խոշտանգումներ և դիակները պղծում։

«Միջազգային հանրության արձագանքը միանշանակ էր. Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և մի շարք այլ երկրներ հստակ պահանջ են հայտնել՝ իրականացնելու այս դաժան մահապատիժների դեպքերի վերաբերյալ  լիարժեք և անաչառ հետաքննություն։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ պատերազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մենք նշել ենք, որ Ադրբեջանի զինդատախազությունը բազմակողմանի հետաքննություն է սկսել»,-ասել է եվրոպացի պատգամավորը։

ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քննարկումը նա համարել է ժամանակին ու անհրաժեշտ, քանի որ կազմակերպության մի անդամը հարձակվել է մյուս անդամ երկրի վրա, սրա անտեսումը կարող է բերել նոր բռնությունների ու վայրագությունների։

«Սեպտեմբերի 13-ին ականատես եղանք Հայաստանի դեմ ագրեսիայի, որը հանգեցրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացման, սարսափելի տառապանքների, երկու կողմից մարդկային կորուստների և Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների լայնածավալ ոչնչացման։

Ուժի կիրառումը դառնում է նորմալ երևույթ, ինչը բացարձակապես անընդունելի է։ Ինչպես վերջերս ասել է Ժոզեպ Բորելը, պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին, բանն այն է, որ Ադրբեջանը ռմբակոծել և օկուպացրել է հայկական տարածքի մի մասը՝ հավելելով, որ ադրբեջանական ուժերը պետք է դուրս բերվեն սահմանային այդ շրջաններից։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և վերադառնալ դիրքեր, որոնք զբաղեցնում էին մինչ այս էսկալացիան։
Կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել ցանկացած գործողություն, որը կարող է էլ ավելի սրել առանց այն էլ սարսափելի իրավիճակը տեղում»,-ասել  է նա ու խոսքի ավարտին ցիտել ԱՄՆ պետքարտուղարի խոսքը.  «Հակամարտությանը չի կարող լինել ռազմական լուծում, դիվանագիտությունը միակ ճանապարհն է»:
 

Placeholder
Շվեդ պատգամավորը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիների սպանությունների մասին. Ինձ հետապնդում են այս տեսարանները