Նեդ Փրայս. ԱՄՆ-ն կշարունակի բարձր մակարդակով ներգրավված մնալ Հայաստանի ու Ադրբեջանի բանակցություններին
Քաղաքական
11:11 12/10/2022
Տարածաշրջան

Նեդ Փրայս. ԱՄՆ-ն կշարունակի բարձր մակարդակով ներգրավված մնալ Հայաստանի ու Ադրբեջանի բանակցություններին

ԱՄՆ-ն շարունակելու է բարձր մակարդակի ներգրավվածություն ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում։ Այս մասին հայտարարել է  ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ամենաշաբթյա ճեպազրույցում։

Նա հիշեցրել է, որ անցած ամիս ԱՄՆ պետքարտուղարը Նյու Յորքում եռակողմ ձևաչափով հանդիպում է ունեցել  Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։

«Բռնությունների վերջին աճից հետո դա նախարարների առաջին դեմ առ դեմ հնդիպումն էր: Նախօրեին, դուք տեսաք, որ քարտուղարը հնարավորություն ունեցավ խոսելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։

Ֆիլ Ռիկերը՝ այս խնդրի շուրջ մեր ավագ խորհրդականը, ամենօրյա կապի մեջ է եղել երկու երկրների պաշտոնյաների հետ: Այսպիսով, մենք կշարունակենք ներգրավված մնալ այս հարցում: Ես չեմ կարող որոշակի արդյունք խոստանալ, բայց կարող եմ խոստանալ, որ այն մեզ համար առաջնահերթություն կլինի»,-ասել է Նեդ Փրայսը։

Նա նշել է, որ այս պահին որևէ հանդիպում նախատեսված չէ, բայց համոզված է՝ ավելի շատ ասելիք կլինի առաջիկա օրերին ու շաբաթներին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Կողմերն ընդգծել են ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովմանը վերաբերող հարցերի:

Էնթոնի Բլինքենը հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ առաջիկայում ևս նպաստելու բանակցային գործընթացին ու Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը:

 

Placeholder
Նեդ Փրայս. ԱՄՆ-ն կշարունակի բարձր մակարդակով ներգրավված մնալ Հայաստանի ու Ադրբեջանի բանակցություններին