Ծայրահեղ բացասական եմ վերաբերում կառավարության մեր գործընկերների ուշացմանը. Վաղարշակ Հակոբյան
Տնտեսություն
16:52 14/10/2022
Հայաստան

Ծայրահեղ բացասական եմ վերաբերում կառավարության մեր գործընկերների ուշացմանը. Վաղարշակ Հակոբյան

«Ծայրահեղ բացասական եմ վերաբերում կառավարության մեր գործընկերների, մանավանդ՝ հիմնական զեկուցողի ուշացմանը: Ազգային ժողովի հանդեպ խնդրում եմ ավելի հարգալից և ուշադիր լինել»,- Տարածաշրջանային և ևրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց նախագահող ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալը հայտարարեց, թե խորհրդարանում ընդունելի են համարում, որ երբեմն գերատեսչության ղեկավարի մակարդակով չեն ԱԺ-ում զեկուցում հարցերը, բայց ցանկալի չէ, որ նրանց փոխարեն զեկուցողներն էլ ուշանան:

«Խնդրում եմ ավելի պատասխանատու լինել կառավարությանը վերահսկող ԱԺ-ի հանձնաժողովի նիստին»,-հայտարարեց Վաղարշակ Հակոբյանը:

Ինչպես հետո պարզվեց՝ նրա խոսքը վերաբերում էր Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանին:

Վերջինս իր զեկույցի սկսզբում արձաքանքեց Հակոբյանին. «Հարգելի վարող, շնորհակալ եմ: Նկատառումները, որ ասացիք, ըմբռնելի են, ունեն իրենց հետևանքները և, անկախ ամեն ինչից, շնորհակալ եմ»:

Հանձնաժողովի նիստում ընդգրկված է միայն մեկ հարց՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աշխատուժի ազատ տեղաշարժի հոսքերի կառավարման և ներուժի լիարժեք օգտագործման հիմնախնդիրները տնտեսական երկարաժամկետ զարգացման համատեքստում» վերնագրով:

Արմեն Արզումանյանն իր զեկույցում հայտնեց. «2022 թվականի հունվարին ՌԴ-ից ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով  Հայաստան է փոխանցվել 40.6 մլն դոլոր,փետրվարին՝ 82.5 մլն, մարտին՝ 115.8, ապրիլին՝ 174.1 մայիսին՝ 226, 2, հունիսին՝ 452, հուլիսին՝ 442.6, օգոստոսին՝ 327.4 մլն դոլար: Ընդհանուր առմամբ 2022 թվականին ՌԴ-ից Հայստան է փոխանցվել 1 մլրդ 906 մլն դոլար»:
 

Placeholder