Ցյուրիխում գործարկվել է Շվեյցարիայի առաջին Թումո կենտրոնը
Կրթություն, գիտություն
19:16 14/10/2022
Հայաստան

Ցյուրիխում գործարկվել է Շվեյցարիայի առաջին Թումո կենտրոնը

Թումոյի միջազգային կենտրոնների ցանցը համալրվել է ևս մեկով. օրերս իր դռները բացեց Ցյուրիխի Թումո կենտրոնը:Այս մասին տեղեկացնում են կենտրոնից։
 
«Թումոյի և «Creative Technologies Lab» թվային կրթությամբ զբաղվող շվեյցարական նախագծի հետ համագործակցության արդյունքում բացված կենտրոնը անվճար հիմունքներով կմատուցի Թումոյի կրթական ծրագիրը 8 ուղղությամբ` ռոբոտաշինություն, անիմացիա, խաղերի ստեղծում, ծրագրավորում, երաժշտություն, ֆիլմերի ստեղծում, 3D մոդելավորում և գրաֆիկական դիզայն:

Ծրագիրը կգործի գերմաներեն, հետագայում նաև ֆրանսերեն և իտալերեն լեզուներով: Սկզբնական շրջանում Ցյուրիխի Թումոն կունենա 700 ուսանող, սակայն շվեյցարացի գործընկերները արդեն իսկ նախատեսում են կենտրոնի ընդլայնումը։ Ծրագիրը կընդլայնվի ոչ միայն Ցյուրիխում, այլև Շվեյցարիայի այլ քաղաքներում. մշակման ընթացքում է երկրում մի քանի Թումո կենտրոններ և տուփեր տեղադրելու նախագիծը:
 
Թումոյի կրթական ծրագիրը արդեն գործում է Բեռլինում, Փարիզում և Լիոնում, Մոսկվայում, Տիրանայում, Կիևում, մոտ ապագայում նոր կենտրոններ է նախատեսվում հիմնադրել Լոս Անջելեսում, Ֆրանկֆուրտում, Կոիմբրայում և այլ քաղաքներում»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder