Բերդկունք ամրոց, Սելիմի քարավանատուն, Աղնջաձորի կամուրջներ՝  տեխնիկական վիճակն անբավարար է
Մշակույթ
17:30 19/10/2022

Բերդկունք ամրոց, Սելիմի քարավանատուն, Աղնջաձորի կամուրջներ՝ տեխնիկական վիճակն անբավարար է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները հերթական աշխատանքային այցն են կատարել մի շարք հուշարձաններ՝ ծանոթանալու ՀՀ Արարատի մարզի Տափի (Գևորգ Մարզպետունու) բերդի, Վայոց ձորի Սմբատաբերդի, Ցախաց քար վանական համալիրի, Աղնջաձորի զույգ կամուրջների, Սելիմի քարավանատան և Գեղարքունիքի մարզի Բերդկունք ամրոցի խնդիրներին։

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, այցի հիմնական նպատակն էր նաև տեղում ակնադիտական զննությամբ գնահատել հուշարձանների տեխնիկական վիճակը և կարիքները։

Նշված հուշարձաններից մի քանիսը (Տափի բերդ, Սմբատաբերդ, Ցախաց քար վանական համալիր) ունեն հասանելիության խնդիր. ճանապարհները հիմնանորոգված չեն։ Մյուսների (Բերդկունք ամրոց, Սելիմի քարավանատուն, Աղնջաձորի կամուրջներ) տեխնիկական վիճակն անբավարար է, և միջոցներ չձեռնարկելու պարագայում առկա է փլուզման վտանգ։
Ոլորտի ռազմավարությանը համապատասխան՝ ուշադրությունն ավելանալու է հասարակական և պետական նշանակության հուշարձանների վերականգնման ուղղությամբ։

Աշխատանքային այցերի արդյունքներով նշված հուշարձաններից մի քանիսի համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023 թ․ հատկացնելու է միջոցներ՝ կազմելու դրանց ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը։

Placeholder