Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) հայտնում է, որ օրերս հետաձգված DigiTec 2022 ցուցահանդեսն ու վեհաժողովը տեղի կունենան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 2023 թվականի մարտի 10-ից 12-ը։
«Հետաձգումը չի ենթադրում հաջորդ տարվա միջոցառման չեղարկում։ Մենք պլանավորել և նախատեսում ենք գալիք տարվա աշնանը բնականոն կերպով իրականացնել նաև DigiTec 2023 միջոցառումը։ Մեր ցանկությունն է Հայաստանում ԲՏ ոլորտի ընկերությունների և աշխատակիցների առավելագույն մասնակցությունը երկրի համար կարևոր նշանակություն ունեցող գործընթացներում, ինչպես նաև կազմակերպությունների կայունությունը և զարգացումը, որպեսզի մեր առջև դրված մարտահրավերները կարողանանք հաղթահարել», - հետաձգման առիթով նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։
Կազմակերպիչները հայտնում են, որ մարտին DigiTec Summit 2022-ը կանցկացվի հետևյալ խորագրով՝ «Ինչպե՞ս են տեխնոլոգիաները նպաստում ժողովրդավարության դիմակայունությանն անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակում»/ “What role does tech play in helping democracies become more resilient in an increasingly unstable world?”։
«DigiTec 2022-ը կհետազոտի առողջ թեք ոլորտի, աճի և ժողովրդավարական զարգացման անվտանգ հարթակների միջև փոխկապվածությունը։ Թեման տեսակետների բազմազանությամբ կներկայացնեն խոսնակներ Հայաստանից, Էստոնիայից, Իսրայելից, Լիտվայից, Սինգապուրից, Թայվանից և այլ երկրներից», - նշել է վեհաժողովի նախագահ Րաֆֆի Քասարջյանը։
Հիշեցնենք, որ DigiTec Expo ամենամյա ցուցահանդեսն ԱՏՁՄ կողմից կազմակերպվում է 2005 թվականից ի վեր: Յուրաքանչյուր տարի այնտեղ ցուցադրվում են Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներն ու զարգացման ներուժը: DigiTec 2022 ցուցահանդեսում այս տարի ներգրավված են 125 տեղական և արտասահմանյան ընկերություններ։ 2021 թվականից ի վեր ցուցահանդեսին զուգահեռ տեղի է ունենում DigiTec Summit, որը Երևանում է համախմբում բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներին։
Կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԱՏՁՄ)։ Հովանավորներ՝ Fastex, Sada, Team Telecom Armenia, AMD, Giz EU4Business, Sensyan LLC։ Գործընկերներ` VEXPO, HackTech, P-Art, InfoCom, Lratvakan radio 106.5, RTVI։