Հացիում պայմաններ են ստեղծվել մեղվապահությամբ ու ջերմատնային տնտեսությամբ զբաղվելու համար
Տնտեսություն
16:18 24/10/2022
ԼՂՀ

Հացիում պայմաններ են ստեղծվել մեղվապահությամբ ու ջերմատնային տնտեսությամբ զբաղվելու համար

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հացի համայնքի 12 բնակչի «Արցախ ֆոնդ» բարեգործական հիմնադրամի կողմից մեղվափեթակներ են տրամադրվել: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հացի համայնքի ղեկավար Սանթուր Սարգսյանը:

«Հիմնադրամի հանձնախմբի անդամ Փոլին Դոստումյանը և Արցախի գրասենյակի տնօրեն Տրդատ Մարտիրոսյանը տեղում ծանոթանալով խնդիրներին, լսել են բնակչության կարծիքներն ու ընդունել մեղվապահությամբ զբաղվելու առաջարկը: Աջակցության շահառուներից վեցին, որոնք մեղվապահության գործում արդեն բավականին փորձառություն ունեն, տրամադրվել է երեքական մեղվափեթակ,իսկ մյուսներին,ովքեր ցանկություն են հայտնել զբաղվելու մեղվաբուծությամբ, տրամադրվել է երկուական մեղվափեթակ: Շահառուներին ընտրելու գործում կարևորել ենք նաև վարկային պարտավորությունների պարտաճանաչ կատարման հանգամանքը։ Կարմիր Խաչի կողմից էլ 20 հողօգտագործողի նախապես տրամադրվել էր կորնգանի սերմնացու, որը նաև կերային բազա է հանդիսանում մեղուների համար»,-նշել է Ս. Սարգսյանը։

Գյուղի տարածքի թե՛ կլիման, թե՛ բուսականությունը թույլ են տալիս զարգացնելու մեղվաբուծությունը:

Նրա տեղեկատվությամբ՝ Հացիում ԿԽՄԿ-ի կողմից 14 հատ և «Սահման» կազմակերպության աջակցությամբ  ընդհանուր 110 քառակուսի մետր մակերեսով 2 հատ ջերմոց է հիմնվել։

Placeholder