Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիկոլի հերթական «նվաճումն» այն է, որ համատեղ հայտարարությունից դուրս են թողել Լեռնային Ղարաբաղ անվանումը. Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նախօրեին Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիև համատեղ հայտարարությանը.
«Համատեղ հայտարարության Սոչիում ընդունված տեքստով կարելի է ասել, որ Նիկոլի գլխին կրկին դիվանագիտորեն և քաղաքականապես բամփել են:
Նիկոլի հերթական «նվաճումն» այն է, որ հայտարարությունից դուրս են թողել Լեռնային Ղարաբաղ անվանումը: ՌԴ խաղաղարար առաքելության տեղակայման վայրը նշել են անորոշ` անհասցե բացազատման գոտում:
Եթե նույնիսկ խաղաղարար առաքելության տեղակայման վայրի Լեռնային Ղարաբաղ անվանումը չի կարողացել ներառել տեքստում, էլ ի՞նչ եք ուզում այդ անընդհատ ստորացվող բանակցողից:
Ոչ մի բառ ՀՀ սուվերեն տարածքների դեօկուպացիայի կամ գերիների վերադարձի մասին, էլ չեմ ասում ինքնորոշման իրավունքի մասին: Ոչ մի խոսք կոմունիկացիաների նկատմամբ սուվերեն վերահսկողության մասին:
Հիմա արդեն կարելի է ենթադրել, թե ինչպիսի «խաղաղության պայմանագիր» է պատրաստվում կնքել քաղաքական չարիքի մարմնավորումը:
Տեքստում տեղ գտած մնացած ձևակերպումները ֆորմալ մտքեր են:
Ինքնասիրություն ունեցող մարդիկ, վստահ եմ ամոթ և անարգանք են զգում Նիկոլի նման «ներկայացուցիչ» ունենալու համար:
Ոչ մի քաղաքական, դիվանագիտական, անվտանգային հենարան չի թողել այս խեղճ ու կրակ, տանջված ժողովրդի վաղվա օրվա համար: Ամեն բան մսխել է մինչև վերջին հնարավորությունը` պատրաստ լինելով խմել բազմաչարչար ժողովրդի արյան վերջին կաթիլը:
Կարող ենք արձանագրել, որ Սոչիում ևս կես քայլ է արել դեպի հաջորդ կապիտուլյացիա»: