Հայաստանում հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսի հարուցիչ
Առողջություն
21:14 02/11/2022
Հայաստան

Հայաստանում հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսի հարուցիչ

Հայաստանում դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսի հարուցիչ։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից։

Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության հետագա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Նշենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաները/ամբուլատորիաները և շարժական պատվաստումային կետն ապահովված են սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութով, և բոլոր նրանք ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, անկախ հաշվառման վայրից կարող են դիմել և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին, մասնավորապես՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զորակոչի ենթակա անձինք, փակ կազմակերպություններում գտնվող անձինք  և սպասարկող անձնակազմ:

Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով՝  Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է.
•        պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ,
•        խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
•        եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
•        եթե հիվանդ եք, հրավիրե՛ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
•        մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
•        հագնվե´ք եղանակին համահունչ,
•        պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
•        օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
•        հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
•        հետևե´ք անձնական հիգիենային։

Placeholder