8.2 մլն դրամ՝ Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցու վերանորոգմանը
Մշակույթ
13:06 03/11/2022
Հայաստան

8.2 մլն դրամ՝ Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցու վերանորոգմանը

«Նախագծով գումար է հատկացվում Բջնի գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերականգնման համար»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ զեկուցելով հերթական հարցը։

Նրա խոսքով՝ Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցու պատերից մեկը գտնվում է վթարային վիճակում, վերականգնման կարիք ունի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից պատրաստվել է եկեղեցու պատի նորոգման և ամրակայման նախագիծը և ներկայացվել նախարարություն:

«Աշխատանքների ընդհանուր նախահաշվային արժեքը կազմում է 8,280.2 հազար դրամ։ Նախարարության կողմից կնքվել են կապալային աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայության գնման պայմանագրեր»,-տեղեկացրեց Դումանյանը:

Նա հայտնեց, որ 2.7 մլն դրամ էլ հատկացվում է Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների վերականգնման համար անհրաժեշտ գիտանախագծային փաստաթղթերի մշակման և փորձաքննության համար։

«ՀՀ Լոռու մարզի Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի աշտարակներից մեկից վերջին մի քանի երկրաշարժերից հետո քարաթափումներ են եղել, առկա են մեծ ճաքեր։ Աշտարակը վթարային վիճակում է և առկա է փլուզման վտանգ»,-ասաց Դումանյանը և հավելեց, որ Վնասվածքներ կան նաև մյուս աշտարակների և պարսպի որոշ հատվածների վրա։

Ըստ նախարարի՝ աշխատանքների կատարման համար նախ և առաջ անհրաժեշտ են գիտանախագծային փաստաթղթեր և նախագծման աշխատանքների ձեռքբերման համար Նախարարության կողմից հայտարարվել էր պայմանով մրցույթ և կնքվել է համապատասխան պայմանագիր:

ԿԳՄՍ նախարարը մոռացավ օրակարգում ներառած նախագծում առկա Երևանի մնջախաղի թատրոնի շենքի վերակառուցման կապալային աշխատանքների կատարման մասին զեկուցել:

Այդ փաստն արձանագրեց Նիկոլ Փաշինյանը:

Նախագծի հիմնավորման մեջ այդ մասով արձանագրված է. «Նախագծով նախատեսվում է նաև թույլատրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին նոր օրացուցային գրաֆիկ սահմանել Երևանի մնջախաղի թատրոնի շենքի վերակառուցման կապալային աշխատանքների կատարման համար: Նշվածը պայմանավորված է սույն Հիմնավորման «Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.» բաժնում նշված հանգամանքներով»:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ Երևանի մնջախաղի թատրոնի շենքի վերակառուցման համար նախատեսված 208 մլն-ից 108 մլն.-ի աշխատանքներն ավարտվել են, և այն պատմամշակութային հուշարձան ճանաչելու անհրաժեշտություն է առաջացել, ինչպես նաև որոշ շինարարական աշխատանքների խնդիրների պատճառով աշխատանքները կանգնեցված են և հաջորդ տարի կշարունակվեն:

Placeholder