ՀՀ իշխանությունների հետ տարաձայնություններ եղել են․ Բեգլարյան
Քաղաքական
13:12 03/11/2022
ԼՂՀ

ՀՀ իշխանությունների հետ տարաձայնություններ եղել են․ Բեգլարյան

«Իրականում, տարաձայնությունները քիչ չեն։ Տարբեր  գործընկերների հետ որոշակի աշխատանքային շփումներ լինում են, հաջողված ծրագրեր լինում են, բայց նաև սկզբունքային տարաձայնություններ են լինում», - Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում իր գործունեությունն ամփոփող մամուլի ասուլիսում ասաց Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք ՀՀ իշխանությունների հետ ինչ-որ տարաձայնություններ կան։

Նրա խոսքով, տարաձայնություններ լինում են Արցախին առնչվող արտաքին քաղաքական  կուրսի հայտարարությունների, տարբեր ծրագրերի մասով։

«Շատ դեպքերում փորձում եմ ներքին աշխատանքային միջավայրում այդ խնդիրները լուծել, քանի որ կարևորում եմ, որ  այս ծանր իրավիճակում Արցախի և Հայաստանի Հանրապետությունների կառավարությունները, իշխանություններն արդյունավետ փոխգործակցություն ունենան»,- ասաց Բեգլարյանը։

Նա նշեց, որ մյուս կողմից որոշակի տարաձայնություններ, դժգոհություններ ունենում է, որոնց մասին միշտ բաց անկեղծորեն ներկայացնում է, մի մասն ազդում է, մի մասը չի ազդում, սակայն չէր ցանկանա հրապարակային  ներկայացնել։

«Արտաքին քաղաքական մասով իմ դիրքորոշումներն ես անընդհատ հրապարակային ներկայացրել եմ, որ  Արցախի ժողովորդի ինքնորոշման իրավունքը  որևէ կասկածի տակ չպետք է դրվի։ Նախագահի, ԱԳ նախարարության, ԱԺ կողմից բոլոր հայտարարությունները ես կիսում եմ, ես էլ նույն ձև եմ մտածում, հետևաբար այս տեսանկյունից որևէ հարց չկա, իսկ տարաձայնություններ, իհարկե, կան որոշ գործընկերների հետ»,- ասաց Արտակ Բեգլարյանը։

Placeholder
ՀՀ իշխանությունների հետ տարաձայնություններ եղել են․ Բեգլարյան