Կլիմայի փոփոխությունը սպառնում է ամերիկացիներին
Աշխարհում
11:00 08/11/2022
Աշխարհ

Կլիմայի փոփոխությունը սպառնում է ամերիկացիներին

ԱՄՆ-ում տաքացումը տեղի է ունենում Երկրի վրա միջինից ավելի արագ: Այս մասին հայտնում է «Washington Post»-ը՝ վկայակոչելով դաշնային զեկույցի նախագիծը։

«Վերջին 50 տարիների ընթացքում ԱՄՆ-ը 68%-ով ավելի արագ է տաքացել, քան ամբողջ մոլորակը»,- նշում է պարբերականը։ 

Ըստ «Washington Post»-ի՝ կլիմիայի փոփոխության պատճառով երկրում բնական աղետներն ավելի հաճախ կլինեն, տեղումների ինտենսիվության ավելացման և ջերմաստիճանի բարձրացման հետևանքով ավելի ու ավելի հաճախ տեղի կունենան ջրհեղեղներ, կործանարար անտառային հրդեհներ։

Զեկույցում նշվում է, որ կլիմայի փոփոխությունը հանգեցնում է «ավելի ծանր» հետևանքների ԱՄՆ-ի բոլոր շրջաններում։ «Տնտեսությանը և բնակչությանը հասցված վնասը միայն կաճի, եթե մարդիկ քայլեր չձեռնարկեն տաքացման տեմպերը դանդաղեցնելու համար»,- ասվում է զեկույցում։

Երկրի շրջանների զգալի մասում ակնկալվում է, որ կլիմայի փոփոխության պատճառով խմելու ջրի հասանելիությունը կդժվարանա, կարող են վնասվել բնակարաններ և այլ կարևոր ենթակառուցվածքներ։ Բացի այդ, տաքացման արդյունքում նոր ռիսկեր կառաջանան բնակչության առողջության համար, վտանգի տակ կհայտնվեն գյուղատնտեսությունն ու ձկնաբուծությունը։

Նշվում է նաև, որ զեկույցի վերջնական տարբերակը կհրապարակվի հաջորդ տարի:
 

Placeholder
Կլիմայի փոփոխությունը սպառնում է ամերիկացիներին