ԵՄ ներկայացուցիչ. Պետք է  շրջել թշնամության էջը
Քաղաքական
14:47 11/11/2022
Աշխարհ

ԵՄ ներկայացուցիչ. Պետք է շրջել թշնամության էջը

Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն  Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ավարտի երկրորդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ ցավ հայտնելով վերջին 30 տարիների ընթացքում զոհված Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիների համար։

«Լիովին գիտակցելով այս դժվարին ժառանգությունը՝ ԵՄ-ն  երկու կողմերին էլ կոչ է անում շրջել թշնամության էջը և շարունակել հաշտեցման ջանքերը՝ կանխելու հետագայում  մարդկային կյանքերի անհարկի կորուստներն ու վնասները»,-ասված է հայտարարության մեջ։

Եվրամիության ներկայացուցիչը նշել է, որ ողջունում են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության կողմից արվող բազմաթիվ քայլերը՝ ուղղված հակասությունների հաղթահարմանն ու տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության հաստատմանը։

«ԵՄ-ն բարձր է գնահատում նրանց կայուն ներգրավվածությունը տարբեր մակարդակներում և տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում: Թեև այս բանակցություններն ակնհայտորեն բարդ են և ժամանակ կպահանջեն, կարևոր է չկորցնել թափը, համաձայնեցնել կոնկրետ դեպի առաջ տանող քայլերը և ապահովել անվտանգ, ապահով և բարեկեցիկ միջավայր՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ապրողների։

Այս փխրուն  միջավայրում, երբ դեռ թարմ են վերջին 30 տարիների վերքերը, ԵՄ-ն կրկնում է կողմերին ուղղված իր կոչը՝ մեղմել իրենց հռետորաբանությունը և զերծ մնալ միմյանց հասցեին սպառնալիքներից կամ մեղադրանքներից, ռազմական սադրանքներից և գործողություններից»,-նշել է նա։

ԵՄ ներկայացուցիչը նշում է, որ միությունը կշարունակի իր ներգրավվածությունը խնդրի համպարփակ ու արդար կարգավորման ուղղությամբ։

 

Placeholder