Փարաքար համայնքում շահագործվող բենզալցակայանի գործունեությունը դադարեցվել է
Տնտեսություն
18:32 11/11/2022
Հայաստան

Փարաքար համայնքում շահագործվող բենզալցակայանի գործունեությունը դադարեցվել է

 ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային 90 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանում (ԲԼԿ)՝ նախկինում Տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրի պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելու համար։Այս մասին հայտնում է տեսչական մարմինը։

«Ըստ այդմ՝ Տեսչական մարմնի մասնագետները նշված բենզալցակայանում կրկին իրականացված վերահսկողության արդյունքում պարզել են, որ նախկինում տրված կարգադրագրի պահանջները չեն կատարվել։ Այդպիսով՝ փաստվել է, որ շահագործվող ԲԼԿ-ում հայտնաբերված քաղաքաշինության, քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծման և կառուցապատման խախտված նորմերի վերացման համար տրված կարգադրագրերի պահանջներն ամբողջությամբ չեն կատարվել, և խախտումները չեն վերացվել, որի հետևանքով չի ապահովվում ԲԼԿ-ի շահագործման անվտանգությունը, ինչն էլ անմիջական և ուղղակի սպառնալիք է ստեղծում հրդեհների առաջացման, մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգության համար։

Ուստի, հաշվի առնելով հանրության համար վտանգի առաջացման հանգամանքը, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում՝ բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։

ԲԼԿ-ն շահագործող տնտեսավարողի առջև պահանջ է դրվել՝ որոշման ստացման պահից սկսած՝ 2 օրվա ընթացքում ամբողջությամբ դատարկել և չեզոքացնել պահեստարաններում առկա վառելիքը»,-նշված է հաղորդագրությունում։

 

Placeholder