Անկարայում տեղի են ունեցել ռուս-ամերիկյան բանակցություններ
Քաղաքական
13:47 15/11/2022
Տարածաշրջան

Անկարայում տեղի են ունեցել ռուս-ամերիկյան բանակցություններ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետախուզական ծառայությունների ղեկավարները բանակցություններ են անցկացրել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, գրում է Էրմենիհաբերը՝ հղում անելով «Reuters»-ին։

Բանակցություններում ամերիկյան կողմից ներկայացել է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը, իսկ ռուսական պատվիրակությունը գլխավորել է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

Տեղեկությունը հաստատվել է Կրեմլի և Սպիտակ տան կողմից: Թեև թուրքական մամուլը պնդում է, որ այդ հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի հարցը, բայց ըստ Սպիտակ տան հայտարարության՝ Ուկրաինայի հարցը չի քննարկվել, խոսվել է միայն միջուկային անվտանգության և կալանավորված ամերիկացիների վերաբերյալ:

Ըստ թուրքական մամուլի՝ հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության Անկարայի գրասենյակում։


 

Placeholder