Հայաստանում գրանցվել է լայմի հիվանդության 19 դեպք
Օրվա թեմա
12:11 19/11/2022
Հայաստան

Հայաստանում գրանցվել է լայմի հիվանդության 19 դեպք

Հայաստանում այս տարվա 9 ամիսներին գրանցվել է լայմի հիվանդության 19 դեպք: Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Հիվանդներից 2-ը եղել են 3-6 տարեկան երեխաներ, իսկ մյուսները՝ մինչև 18 տարեկան։
Նշենք, որ 2021 թվականի հունվար-սեպտեմբերին հանրապետությունում գրանցվել է լայմի հիվանդության 2 դեպք։

Լայմի հիվանդությունը տզերի միջոցով տարածվող ինֆեկցիոն հիվանդություն է: Համարվում է փոխանցողով պայմանավորված ամենատարածված հիվանդությունը Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում: Հիվանդությունը փոխանցվում է վարակված իքոդային տզերի խայթոցի արդյունքում: Տզերը վարակվում են թռչուններին կամ կաթնասուններին խայթելիս:

Լայմի հիվանդության գաղտնի շրջանը 3-32 օր է: Հիվանդության վաղ շրջանի ախտանշաններն են տենդը, գլխացավը, հոգնածությունը և «թափառող էրիթեմա» կոչվող  մաշկային ցանը: Տզերի խայթոցից խուսափելու համար խորհուրդ է տրվում բնության մեջ զբոսնելիս կամ աշխատելիս կրել երկարաթև հագուստ, օգտագործել միջատավանիչ նյութեր:

 

Placeholder