Լսողության վերականգնման բացառիկ վիրահատություն՝ Հայաստանում
Առողջություն
20:34 24/11/2022
Հայաստան

Լսողության վերականգնման բացառիկ վիրահատություն՝ Հայաստանում

«Շենգավիթ» ԲԿ֊ում  Հայաստանում առաջին անգամ իրականացվեց խխունջային ներպատվաստում՝ ավստրիական հայտնի «MED EL» ընկերության իմպլանտի օգտագործամբ։ Այս մասին տեղեկացնում են «Շենգավիթ» ԲԿ-ից։ 

«Վիրահատությունն իրականացվել է ՌԴ ֊ից հատուկ հրավիրված մասնագետ, հայտնի ԼՕՌ վիրաբույժ, պրոֆեսորԴիաբ Հասան Մուհամեդ Ալիի և «Շենգավիթ» ԲԿ գիտական գծով գլխավոր տնօրենի տեղակալ,  բ․գ․դ․ պրոֆեսոր, ԼՕՌ վիրաբույժ, քիթ֊կոկորդ֊ականջաբանության գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Արթուր Շուքուրյանի կողմից։

Ի տարբերություն նախորդ նման սարքերի` սա սարքից բացի չունի հավելյալ կապող օղակներ: Սրա մեջ ընդգրկված է կոմպյուտերային ողջ պրոցեսորը, որի օգնությամբ ձայների փոփոխություն է կատարվում, և հիվանդը կարողանում է լսել:

Այս սարքն իր տեսակով արտաքնապես ավելի պարզ, սակայն էլեկտրոնային բաղադրությամբ ավելի մեծ նշանակության սարք է: Այն նաև հնարավորություն է տալիս հենց վիրահատության ժամանակ ստուգել, թե արդյոք պացինետը սարքի տեղադրումից հետո կարող է լսել, թե ոչ։
Վիրահատվեցին  երկու պացիենտ՝ 14 և 53 տարեկան, որոնցից առաջինը 3 տարեկանից տառապում է խլությամբ, իսկ երկրորդը արդեն 2 տարի ունի խլություն՝ անհայտ պատճառի:

Վիրահատության բարեհաջող ավարտից  անմիջապես հետո ստուգվեցին պացիենտների լսողությունը։
Արձանագրվել է՝ երկուսն էլ լսում են։

Վիրահատությունից մեկ ամիս անց արդեն աուդիոլոգը ներպատվաստված իմպլանտը կմիացնի պրոցեսորին և  պացիենտները կկարողանան լիարժեք լսել։

Ի դեպ՝ հայտնի վիրաբույժի հետ հրավիրված էին «MED EL» ընկերության աուդիոլոգ Անդրեյ Իզոսիմովը և «MED EL» ընկերության փոխնախագահ Ալեքսեյ Իլչենկոն։

Նման բարդ վիրահատությունները բավականին թանկ են։ Վիրահատության բոլոր ծախսերը հոգացել է «Շենգավիթ» ԲԿ տնօրինությունը։

Խխունջային ներպատվաստումը Հայաստանում ունի արդեն 18 տարվա պատմություն: «Շենգավիթ» ԲԿ նպատակն է նվազեցնել խլությամբ տառապող պացիենտների քանակը Հայաստանում»,- ասվում է հաղորդագրությունում:
 

Placeholder