Կխնդրեմ լրագրողներին մեզ փորձագետների հետ տետատետ թողնել, որպեսզի ինչ ուզեն՝ մեզ արխային ասեն. Բաբկեն Թունյան
Տնտեսություն
13:59 25/11/2022
Հայաստան

Կխնդրեմ լրագրողներին մեզ փորձագետների հետ տետատետ թողնել, որպեսզի ինչ ուզեն՝ մեզ արխային ասեն. Բաբկեն Թունյան

«Մինչև մեկ ժամը մեր լրագորղները կարող են լուսաբանել քննարկումը, դրանից հետո կունենանք փակ քննարկում»,-ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հրավիրված աշխատանքային քննարկման մեկնարկին ԱԺ-ում հայտարարեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Բաբկեն Թունյանը:

Նա հավաստիացրեց, որ հրավիրված փորձագետներն էլ ավելի շատ հակված են, որ քննարկումը փակ լինի:

«Այդ առումով մենք կաշկանդվածություն չունենք, պատրաստ ենք ամենաքննադատական կարծիքները լսել, այնպես, որ երբ ժամանակը գա, կխնդրեմ լրագրողներին մեզ թողնել տետատետ, որպեսզի ինչ ուզեն՝ մեզ արխային ասեն»,-հայտարարեց Բաբկեն Թունյանը:

Օրենսդրական փոփոխությունները ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ 2023 թվականից նախատեսվում է փուլային սցենարով Հայաստանում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ:

Ըստ փոխնախարարի՝ նախատեսված է, որ հայտարարագրերը նախապատրաստելու է ՊԵԿ-ը՝ իր տրամադրության տակ եղած տեղեկատվության հիման վրա, որը հայտարարատուն կարող է խմբագրել, ճշգրտել, լրացնել և հաստատված ներկայացնել ՊԵԿ՝ որպես եկամտի հայտարարագիր:

«Առաջին փուլում հայտարարագիր ներկայացնողների թվում կլինեն նրանք, ովքեր արդեն այսօր ներկայացնում են այն»,-հայտնեց փոխնախարարը և բացատրեց, որ այնպիսի կարգավորում պետք է տրվի, որ պետական պաշտոնյանները և նրանց փոխկապակցված անձինք երկու անգամ հայտարարագիր չներկայացնեն և՛ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, և՛ ՊԵԿ, բայց դեռ որոշված չէ, թե որ մարմնին են ի վերջո ներկայացնելու:

Արման Պողոսյանի խոսքով՝ առաջին տարում հայտարարագիր կներկայացնեն նաև այն անձինք, որոնք կապ ունեն հայտարարագրվող տարում 1 մլրդ դրամ և ավելի շրջանառություն ունեցող ընկերության հետ, կամ 20 մլն և ավել դրամի փոխառություն են ստացել ռեզիդենտ առևտրային կազմակերպությունից, կամ համարվում են դրանց շահառուն:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ հաջորդ տարի նրանց կմիացվեն այն անձինք, որոնք քաղաքացիաիրավական պայամանագրով աշխատանքներն են իրականցնում, բայց ներգրավված չեն առաջին խմբում և այն անձինք, որոնք աշխատանքային պայմանագրերով համարվում են վարձու աշխատողներ, իսկ երրորդ փուլում մնացած ռեզիդենտ ֆիզիկական անձինք, բայց նրանց թվից կարող են հանվել անչափահասները:


 

Placeholder