Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՄԱԿ-ի զեկույց. Կանայք և աղջիկները տանը սպանվելու ավելի մեծ վտանգի տակ են
ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի նոր ուսումնասիրության համաձայն, 2021 թվականին յուրաքանչյուր մեկ ժամում միջինում ավելի քան հինգ կին կամ աղջիկ է սպանվել սեփական ընտանիքի անդամի կողմից։
Զեկույցը, որը պատրաստվել է նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան ընդառաջ, սարսափելի վկայություն է այն փաստի, որ կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ մարդու իրավունքների ամենահամատարած խախտումներից մեկն ամբողջ աշխարհում։
Անցյալ տարի դիտավորյալ սպանության զոհ դարձած բոլոր կանանց և աղջիկների մոտ 56 տոկոսը սպանվել է իրենց զուգընկերների կամ ընտանիքի այլ անդամների կողմից (81000-ից 45000-ը): Սա ցույց է տալիս, որ շատ կանանց և աղջիկների համար տունն ապահով վայր չէ: Մինչդեռ տղամարդկանց սպանությունների միայն 11 տոկոսն է տեղի ունենում մասնավոր ոլորտում։