«Շենգավիթ» ԲԿ-ում ծննդկանի և նորածնի մահ է գրանցվել․ ԲԿ-ի պարզաբանումը
Առողջություն
20:01 29/11/2022
Հայաստան

«Շենգավիթ» ԲԿ-ում ծննդկանի և նորածնի մահ է գրանցվել․ ԲԿ-ի պարզաբանումը

«Շենգավիթ» բժշկական կենտրոնը հայտարարություն է տարարծել,որում ասվում է․

««Շենգավիթ» բժշկական կենտրոնը իր խորին ցավակցությունն է հայտնում ծննդկանի ընտանիքի անդամներին և հարազատներին։

Դեպքի կապակցությամբ ներկայացնում ենք մեր պաշտոնական հայտարարությունը:
Ս․թ․21.11.2022  ծննդկան , 33 ամյա  Կ․Մ․-ն հղիության 39-40 շաբաթական ժամկետում ընդունվել է  «Շենգավիթ» ԲԿ:    

Ընդունման պահին կատարվել են չափորոշիչներով նախատեսված բոլոր  անհրաժեշտ կլինիկո-լաբորատոր հետազոտությունները:

Կինը ծննդաբերել է բնական ճանապարհով՝  մահացած պտղով: Ծննդաբերության երրորդ շրջանն ընթացել է առանց բարդությունների, սակայն 20 րոպե անց ծննդկանի մոտ սկսվել է վաղ հետծննդաբերական հիպոտոնիկ արյունահոսություն:

Կատարվել են ըստ չափորոշիչների նախատեսված դեղորայքային, գործիքային, ձեռքային բոլոր անհրաժեշտ գործողությունները, սակայն անարդյունավետ: Ծնարան է հրավիրվել մանկաբարձական ծառայության ղեկավարը:Որոշում է կայացվել ծննդկանին  շտապ տեղափոխել վիրահատարան:
Հաշվի առնելով կնոջ տարիքը սկզբում   կապվել են զստային զարկերակները՝ արգանդը պահպանելու նպատակով:  Սակայն շարունակվող արյունահոսության պատճառով վիրահատությունն ավարտվել է արգանդի և հավելումների հեռացումով (էքստիրպացիա)՝ կնոջ կյանքը փրկելու նպատակով:
Վիրահատության ընթացքում շարունակվել են կյանքի կենսական ցուցանիշների ապահովման բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Իրականացվել են ներվիրահատական արյան բաղադրիչների փոխներարկում:

Վիրահատության ժամանակ արձանագրվել է սրտի կանգ , որը արագ  վերականգնվել է սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների արդյունքում՝ սիրտ-անոթային բժիշկների կողմից:
Այնուհետև կինը տեղափոխվել է Ինտեսնիվ թերապիայի բաժանմունք, որտեղ շուրջ 6 ժամ շարունակ իրականացվել է ինտենսիվ բուժում, որի ընթացքում արձանագրվել է ևս  3 անգամ սրտի կանգ: 
Իրականացված անհրաժեշտ սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների արդյունքում սրտի աշխատանքը կրկին վերականգնվել է:

Վերջին անգամ սրտի կանգ է արձանագրվել ժամը 18:35 ժամանակահատվածում:
Իրականացված վերակենդանացման միջոցառումների արդյունքում սրտի աշխատանքը վերականգնել չի հաջողվել:

Ժամը 19:45-ին գրանցվել է  կնոջ կենսաբանական մահը:
Եվս մեկ անգամ «Շենգավիթ» բժշկական կենտրոնը իր խորին ցավակցությունն է հայտնում ծննդկանի ընտանիքի անդամներին և հարազատներին»։

Placeholder
«Շենգավիթ» ԲԿ-ում ծննդկանի և նորածնի մահ է գրանցվել․ ԲԿ-ի պարզաբանումը