Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակվածների 70%-ն արական սեռի նրեկայացուցիչներ են. Նարինա Սարգսյանց
Առողջություն
13:12 30/11/2022
Հայաստան

Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակվածների 70%-ն արական սեռի նրեկայացուցիչներ են. Նարինա Սարգսյանց

«2021թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ունեցել ենք գրանցված 4579 ՄԻԱՎ-ի դեպք և ընթացիկ տրավա հոկտեմբերի վերջի դրությամբ այդ թվին ավելացել է ևս 430-ով»,-«Արմենպրես» մամուլի սրահում հայտնեց ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գիտական, մեթոդական և զարգացման գծով փոխտնօրեն Նարինա Սարգսյանցը:

Նա հիշեցրեց, որ յուրաքանչյուր տարի՝ դեկտեմբերի 1-ին աշխարհը նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը:

Անդրադառնալով նախկինում Հայաստանում հայտնաբերված դեպքերի վիճակագրությանը՝ բանախոսն ասաց, որ 2017 թվականին եղել է 358 դեպք, 2018թ.-ին՝ 429, 2019թ.-ին 448:

«2020 թվականին թիվը մի փոքր իջել է, քանի որ քովիդը խանգարեց դեպքերի բացահայտմանը, ինչը վերաբերում էր գրեթե բոլոր հիվանդություններին, այդ թվում  նաև ՄԻԱՎ-ին, և 2021 թվականին ունեցանք 425 դեպք: Հանրավոր է՝ այս տարի այն մի փոքր ավել լինի»,-տեղեկացրեց Նարինա Սարգսյանցը:

Նրա խոսքով՝ որպեսզի 2030 թվականին երկիրը հասնի ՄԻԱՎ վարակի էլիմինացիային, ապա պետք է որոշ առաջնահերթություններ իրականացնել, որոնցից ամենակարևորը դեպքերի հայտնաբերումն է:

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գիտական, մեթոդական և զարգացման գծով փոխտնօրենը հայտնեց, որ աշխարհը գնում է «95-95-95%» թիրախին, ինչը նշանակում է վարակվածների 95 %-ի  բացահայտում, նույնքանի բուժում և 95 %-ով վիրուսի  ճնշում:

«Այսօրվա դեղերը, որով բուժում ենք ՄԻԱՎ-ը, կոչվում են հակառետրովիրուսային, որոնք այնքան հզոր են, որ վարակը ճնշվում է և հասցվում արյան մեջ չվորոշվող մակարդակի»,-ասաց Սարգսյանցը և հավելեց, որ եթե հասնեն այդ թիրախին, ապա աշխարհում 75 %-ով կնվազեն վարակման նոր դեպքերը:

Նա նաև հայտնեց, որ համաշխարհային տվյալներով ամենացածր տոկոսը հայտնաբերումներին է բաժին ընկնում և այն  բարձրացնելու համար պետք է ռիսկային խմբի մարդիկ ավելի շատ դիմեն ստուգման, որն Հայաստանում անվճար է, ինչպես նաև՝ բուժումը:

Նարինա Սարգսյանցի խոսքով՝ ինչպես հեպատիտներն, այնպես էլ ՄԻԱՎ վարակն ինչքան վաղ շրջանում հայտնաբերվեն, այնքա վարակված անձի առողջական խնդիրները կլինեն մինիմալ և գրեթե չեն տարբերվի այլ անձանցից, քանի որ այսօր Հայաստանում ունեցած դեղերի պաշարը այդ հնարավորությունը տալիս է: Բանախոսը ցավով արձանագրեց, որ բավականին բարձր է ուշ հայտնաբերումների տոկոսը և խորհուրդ տվեց կասկածելի հետևանքներ լինելու դեպքում քաղաքացիները միանգամից հետազոտվեն, ինչի լրացուցիչ հնարավորություն է նաև  կենտրոնի մոբիլ կլինիկաները: 

«Տարածաշրջանի առումով Հայստանը հարաբերական լավ վիճակում է և ՄԻԱՎ վարակվածությունը կազմում է 0.1%»,-ասաց Նարինա Սարգսյանցը, սակայն զգուշացրեց, որ մեր տարածաշրջանում վարակվածության մակարդակը աշխարհում ամենաբարձրներից է՝ 43 %, ինչպես՝ Աֆրիկայում, վիճակը բարվոք չէ նաև Ռուսաստանում և  Ուկրաինայում, ինչը միգրանտներին դարձնում է թիրախային խումբ:

Անցնելով վիճակագրական տվյալներին՝ բժիշկը տեղեկացրեց, որ Հայաստանում վարակվածների 70%-ն արական սեռի նրեկայացուցիչներ են, վարակակիրների 49 %-ը բաժին է ընկնում 25-39 տարեկաններին, 24 %-ը 40-49 տարեկաններին  և դեռահասներին՝ 1.6 %-ը:

Նա հայտնեց, որ վարակի 83 %-ը հայաստանյան դեպքերում եղել է հետերոսեքսուալ կապերից,  թմրամիջոցներից՝ 5.8 %-ը,  9.3% են կազմում բիսեքսուալ կապերից վարակի փոխանցման դեպքերը, իսկ մորից մանկանն անցնելու դեպքեր չեն եղել: Բժիշկը նաև արձանագրեց, որ ՄԻԱՎ վարակից պաշտպանվելու արդյունավետ միջոցը մնում է պահպանակը:

Placeholder