Ստիպված եմ կատարելու դատարանի անարդար վճիռը․ Թեհմինե Ենոքյանը կդիմի ՄԻԵԴ
Իրավունք
14:39 10/12/2022
Հայաստան

Ստիպված եմ կատարելու դատարանի անարդար վճիռը․ Թեհմինե Ենոքյանը կդիմի ՄԻԵԴ

Վերջերս փաստաբանական գրասենյակներից մեկը համացանցում հայտարարեց, որ դատարանի վճռով այսպես ասած՝ վերկանագնվել է իր հաճախորդ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի խախտված իրավունքները։  Խոսքը՝  տարիներ շարունակ ձգվող  գործի մասին է։ «Լիդիան Արմենիա» ընկերությունը դեռևս 2018թ. սեպտեմբերի 5-ին  հայցադիմում էր ներկայացվել Առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ  լրագրող, «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ նախագահ, Գնդեվազ գյուղի բնակիչ Թեհմինե Ենոքյանի՝  պահանջելով հերքել 2018թ. օգոստոսի 12-ին Ջերմուկի ըմպելասրահում վերջինիս կողմից հրապարակային ելույթում «Լիդիան Արմենիա» ընկերության հասցեին հնչեցրած զրպարտություն հանդիսացող հայտարարությունները և փոխհատուցել զրպարտության և վիրավորանքի համար:

Հիշեցնենք, որ ի պաշտպանություն Ամուլսարի կայացած հերթական հանրահավաքին Ենոքյանը, մասնավորապես, ասել է․
«Ողջունում  եմ հատկապես էն բոլոր մարդկանց, ովքեր 51 օր շարունակ պահում են մեր Ամուլսարի պոստերը և թույլ չեն տալիս Լիդիանի նման հանցագործը շարունակի իր հանցագործությունները։ .․.

 

․․․ինչպես նաև կուզենամ ասել, որ այս տարիների ընթացքում Լիդիանը բազմաթիվ անգամ պրովոկացիաներ է արել, կեղծ տեղեկատվություն է տարածել, թշնամանք է փորձել հրահրել համայնքային, միջհամայնքային, նաև միջպետական վեճեր է փորձել հրահրել, ինչպես Գնդեվազի, Ջերմուկի, Կեչուտի, այնպես էլ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև…»։

Այս ելությում օգտագործված արտահայտությունների համար, համաձայն  Վերաքննիչ դատարանը կայացրած վճռի,  Թեհմինե Ենոքյանը իր ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթում դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հրապարակայնորեն պետք է  հերքի իր կողմից հրապարակային ելույթում հնչեցված զրպարտություն համարվող տվյալները, ինչպես նաև հօգուտ «Լիդիան Արմենիա» ընկերության վերջինիցս բռնագանձվել է ընդհանուրը 1 224 000 ՀՀ դրամ, որից 1 000 000 ՀՀ դրամը, որպես վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում:

Որոշումն արդեն ուժի մեջ է մտել: Թեհմինե Ենոքյանը, որը տասը տարի շարունակ լուսաբանել և վերհանել է Ամուլսարի ծրագրի  ռիսկերն ու խնդիրները, այսօր ստիպված է իր ազատ խոսքի համար վճարել   բազմամետաղային հանքավայրը շահագործել ցանկացող հարուստ ընկերությանը։

Ինչևէ, Ենոքյանն արդեն  «Ֆեյսբուք»-ի իր էջում  հրապարակել է հերքումը, որը  քաղաքացիները համեմել են  «սուր» հումորով (լուսանկարները՝ ստորև)։

«Վերաքննիչ դատարանը փոխել է Առաջին ատյանի դատրանի որոշումն՝ ավելի խստացնելով վճիռը։ Իսկ Վճռաբեկ դատարանն առհասարակ հայցս չի ընդունել։ Վերաքննիչ դատարանն էլ գրավոր ընթացակարգով է քննել գործը՝ հնարավորություն չտալով Վերաքննիչում որևէ կերպ պաշտպանելու մեր իրավունքները։ Հետևաբար, նման վճիռը, որը ենթադրում է 1 224 000 ՀՀ դրամի տուգանք, խոսում է այն մասին,որ ցանկանում են ֆինանսապես ինձ ճնշման ենթարկեն, որպեսզի լռեմ։ Գուցե մտածում են, որ այդ ֆինանսը ինձ պետք է խանգարի՝ դատական հայցերից  հրաժարվելու համար։ Օրինակ՝ ընդդեմ ՇՄՆ-ի եվ ՏԿԵՆ-ի կամ որ հայցում ընկերությունը երրորդ կողմ է ներգրաված»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց Ենոքյանը:

Նման դատական վճիռները չեն կարող լռեցնել  հայրենի հողում մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրավունքի համար պայքարող ակտիվ քաղաքացիներին։

«Ունեն թյուր պատկերացում մեր մասին և այս տարիների ընթացքում չեն հասկացել,որ մեզ լռեցնելն անհնար է»։

Գնդեվազ գյուղի բնակիչը պնդում է, որ չի ընդունում դատարանի կայացրած վճիռը՝ համարելով ճնշում իր դեմ, թեև ստիպված է կատարել պահանջները․

«Ես ստիպված եմ վճարելու, հակառակ դեպքում իմ ողջ գույքի վրա կալանք կարող է դրվել, իսկ հաշիվներս՝ արգելափակվել։ Ես ցանկություն չունեմ դատարանի կայացրած անարդար վճիռը չկատարելու համար ենթարկվել քրեական պատասխանատվության։ Ես ստիպված եմ անելու այդ ամենը, քանի որ ՀՀ դատարանն այդպես է պարտավորեցրել ինձ։ Կգա ժամանակը, երբ Եվրոպական դատարանից մենք կստանանք ճիշտ հակառակ դատական վճիռ,որի համար ՀՀ-ն ստիպված կլինի վճարել ինձ բարոյական և նյութական վնաս»,- հավելեց նա։

Թեհմինե Ենոքյանն ասում է, որ ՀՀ դատական ատյաններում սպառել է իր  բողոքարկման իրավունքը։ Հիմա ունի երկու ճանապարհ՝ ՄԻԵԴ և Սահմանադրական դատարան, երկուսն էլ իրականացնելու է։

«Ցավոք, այս դեպքը ՀՀ-ի համար առաջինը չէ։ Նույնիսկ «հեղափոխությունից» հետո մարդիկ չեն կարողանում օրենքն այնպես վերաձևակերպել, որ անարդար վճիռների համար վճիռ կայացրած դատավորը վճարի, այլ ոչ թե ՀՀ քաղաքացին»,- ասաց Ենոքյանն ու շարունակեց․

«Ես հստակ ասել չեմ կարող ,թե ՀՀ Կառավարությունն, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ինչ կարգի ներգրավածություն են ունեցել այս դատական վճռում։ Բայց կարող եմ ասել, որ նման դատական ակտերը հենց այնպես տեղի չեն ունենում»։

Ընդգծենք՝ քաղաքացիական հասարակությունն այս վճիռը համարել է իրենը։ ՀԿ-ներն այն համոզմանն են, որ  միտում  կա լռեցնող ազդեցություն ունենալ  բնապահպան ակտիվիստների գործունության վրա։  Շուրջ 60 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և ՀՀ ակտիվ քաղաքացիներ հայտարարություն են տարածել՝ պահանջելով ՀՀ արդարադատության նախարարությունից և Բարձրագույն դատական խորհրդից ձեռնարկել քայլեր Թ․Ենոքյանի գործով ներգրավված դատավորներին կարգապահական պատասխանատվություն կիրառելու ուղղությամբ՝ արդարադատություն իրականացնելիս նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքով։


 

Placeholder
Ստիպված եմ կատարելու դատարանի անարդար վճիռը․ Թեհմինե Ենոքյանը կդիմի ՄԻԵԴ