Փորձաքննության արդյունքներն անառարկելի վկայությունն են այն բանի, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը գործել է պատերազմական հանցագործություններ
Քաղաքական
09:00 10/12/2022
ԼՂՀ

Փորձաքննության արդյունքներն անառարկելի վկայությունն են այն բանի, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը գործել է պատերազմական հանցագործություններ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրում է. 

«Ադրբեջանի կողմից 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ ֆոսֆորային զենքի կիրառության փաստը բազմաթիվ հայտարարություններից ու տեսանյութերից զատ, հաստատվեց նաև փորձագիտական եզրակացությամբ:

Դեռևս 2020թ. Հայաստանի և Արցախի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանները համատեղ զեկույց էին հրապարակել ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ:

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարված փաստահավաք աշխատանքների շրջանակում հայտնաբերվել ու հետազոտվել են ենթադրաբար ֆոսֆորային զենքի կիրառության մասին վկայող մի շարք տեսանյութեր, արցախյան և հայաստանյան բուժհաստատություններում բուժօգնություն են ստացել տարբեր աստիճանի քիմիական այրվածքներով զինվորականներ:

Փորձագիտական եզրակացությունն ամփոփեց այն ողջ պատկերը, որի մասին բարձրաձայնվում էր արդեն երկու տարի: Փորձաքննության արդյունքները անառարկելի վկայությունն են այն բանի, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը գործել է պատերազմական հանցագործություններ՝ անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու դրանցով ստանձնած պարտավորությունները։

Ֆոսֆորային զենքը՝
1. ունի զանգվածային ոչնչացման բնույթ,
2. ունակ է առաջացնելու մարդկային մեծ կորուստներ, պատճառելու տառապանք,
3. ունակ է մեծ վնաս հասցնելու շրջակա բնական միջավայրին,
4. արգելվում է խաղաղ բնակչության նկատմամբ դրա կիրառումը:
Միջազգային հանրությունը իրավունք չունի անտեսելու զօր ու գիշեր աղաղակող այն փաստերը, որոնք վկայում են Ադրբեջանի հանցավոր նպատակների և գործողությունների մասին և հավատալ ադրբեջանական կեղծ և անհիմն «երաշխիք-խոստումներին»։

Placeholder
Փորձաքննության արդյունքներն անառարկելի վկայությունն են այն բանի, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը գործել է պատերազմական հանցագործություններ