Իրանը պատասխան պատժամիջոցներ կսահմանի եվրոպական երկրների դեմ
Քաղաքական
14:01 12/12/2022
Տարածաշրջան

Իրանը պատասխան պատժամիջոցներ կսահմանի եվրոպական երկրների դեմ

Իրանը պատժամիջոցներ կսահմանի եվրոպական մի շարք պետությունների դեմ՝ ի պատասխան սահմանափակումների, որոնք հայտարարվել են ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի կողմից։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:

»Հաշվի առնելով մի շարք երկրների, ինչպես նաև Եվրամիության ապակառուցողական գործողությունները՝ Իրանը կիրառել և շարունակելու է կիրառել կանխարգելիչ միջոցներ՝ հիմնվելով իր օրինական իրավունքի վրա։ Այսօր մենք կհայտարարենք նոր պատժամիջոցների ցուցակը որոշ հաստատությունների դեմ, որոնք կապված են Եվրամիության և ԵՄ պաշտոնական անձանց հետ, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի մի շարք հաստատությունների և պետական պաշտոնյաների դեմ պատժամիջոցների ցանկի մասին», - ասել է նա։

Արևմտյան երկրները պնդում են, որ Իրանը, իբր, ներկայումս անօդաչու սարքեր է մատակարարում Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողությունների համար։ Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են նման մեղադրանքները։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը Ռուսաստանի Դաշնությանը մատակարարել է անօդաչու սարքեր, սակայն Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ։
 

Placeholder