Արցախի ու Ադրբեջանի միջև բանակցություններ չկան, կան շփումներ. Դավիթ Բաբայան
Քաղաքական
17:00 13/12/2022

Արցախի ու Ադրբեջանի միջև բանակցություններ չկան, կան շփումներ. Դավիթ Բաբայան

«Արցախյան կողմն, իհարկե, շփումների մեջ է ադրբեջանական կողմի հետ։ Բնական է, ռուս խաղաղապահների միջոցով։ Այլ տարբերակ չկա»,- Երևանում ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով հարցին, այս պահին Արցախի իշխանությունների և Ադրբեջանի միջև բանակացություններ ընթանո՞ւմ են Ադրբեջանից կողմից փակված ճանապարհը բացելու ուղղությամբ, ովքե՞ր են ներգրավված։

Նա նշեց, որ համապատասխան կառույցները, ներկայացուցիչներն այնտեղ են. «Բոլորը՝ երկրի ղեկավարից սկսկած մինչև  համապատասխան  տարբեր կառույցների ներկայացուցիչներ, զբաղվում են հարցի հանգուցալուծմամբ։ Ամեն մեկն իր ճակատում»։

«Արցախի ու Ադրբեջանի միջև բանակցություններ չկան, կան շփումներ»,- ընդգծեց Դ.Բաբայանը։

Օրինակի համար, նա նշեց. «Ինչ որ մի տեղ մի մարդ է մոլորվել ու հայտնվել իրենց օկուպացրած տարածքում։ Ի՞նչ պետք է մենք անենք։ Բնական է, պետք է շփում հաստատենք ադրբեջանական կողմի հետ խաղաղապահների միջոցով և այդ մարդուն դուրս բերենք, չէ՞։ Կամ մի տեղ կտրել են ինչ որ մի էլեկտրալար կամ այլ դեպք է եղել»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը։ 

Դավիթ Բաբայանի խոսքով, ակնհայտ է, որ ոչ մի բնապահպանական խնդիր չկա։ 

«Մի հատ տեսեք այդ մարդկանց, թվ ովքեր են. մարդիկ, ովքեր ծառայում են ադրբեջանական բանակում, հատուկ ծառայություններում։ Բեմականացաված մի ձև է, վաղը  կուղարկեն հեծանվորդների, մյուս օրն արտիստների»։

Կամ, ըստ նրա, եթե ունեն բնապահպանական խնդիրներ, այդպե՞ս են վարվում։ 

«Մենք էլ ունենք բնապահպանական շատ հարցեր իրենց։ Եթե ուզում են հարց քննարկել, ձև կա չէ՞ քննարկելու, ոչ թե գան ճանապարհ փակել։

Կա մի նրբություն ևս. «Այդ բնապահպանության պատրվակի տակ նրանք վաղն ասելու են փակել Կաշենի հանքը, իսկ սա մեր տնտեսության կարևորագույն լոկոմոտիվներից մեկն է, որն, իմիջայլոց, բոլոր բնապահպանական նորմերը պահպանում է»։ 

Ասուլիսին ներկա Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն ասաց, որ բնապահպանական հարցերը զուտ պատրվակներ են։ 

«Բացի նրանից, որ Կաշենի հանքը  միջազգային բոլոր ստանդարտները պահպանում է, նաև շուրջ 20 կմ հեռավորության վրա է ադրբեջանական ամենամոտ բնակավայրից և որևէ ջրային ռեսուրսների մոտ չի գտնվում, հետևաբար իրականում նույնիսկ այս պատրվակը հիմնավոր պատրվակ չէ։ Այնինչ, մենք հիմնավոր տարբեր խնդիրներ ունենք բարձրաձայնելու, այդ թվում բնապահպանական, ջրային  ռեսուրսների կառավարման տեսանկյունից, որոնց պետք է ադրբեջանական կողմը պատասխան տա։ 

Մենք շատ լավ գիտակցում ենք, որ սա ուղղակի պատրվակ է և ցանկացած պահի այլ պատրվակներ էլ կարող են հայտնվել և կիրառվել ադրբեջանական իշխանությունների կողմից»,- ասաց Բեգլարյանը։ 

 

Placeholder
Արցախի ու Ադրբեջանի միջև բանակցություններ չկան, կան շփումներ. Դավիթ Բաբայան