«Ասում են՝ խաղաղություն, խաղաղություն, բայց քիչ-քիչ երկիրը գնում է  դեպի Ադրբեջան». հարցում
Հասարակություն
14:10 13/12/2022
Հայաստան

«Ասում են՝ խաղաղություն, խաղաղություն, բայց քիչ-քիչ երկիրը գնում է դեպի Ադրբեջան». հարցում

Արդեն 24 ժամից ավելի է Արցախը Հայաստանին և աշխարհի հետ կապող միակ ճանապարհը փակ է, փաստացի արցախահայությունը մեկ օր շարունակ շրջափակման մեջ է։ Արցախի Հանրապետությունից, Հայաստանից երեկվանից արվում են հայտարարություններ, բարձրաձայնվում է՝ Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի։

Սակայն Ադրբեջանի կողմից բնապահպանական պատճառաբանություններով փակված Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ։

Panorama.am-ը հարցում արեց Երևանում քաղաքացիների շրջանում, թե ինչպես են տեսնում խնդրի լուծումը և արդյո՞ք միայն հայտարարություններով հնարավոր է հասնել խնդրի լուծմանը, արդյո՞ք ադրբեջանական նման սադրանքերից հետո էլ  պետք է խոսել խաղաղության մասին։

«Ղեկավարները թող մտածեն, թե ինչ անեն խնդրի լուծման համար, ոչ թե գռփեն, դնեն տակները։ Այս ժողովուրդը  հո էլի չի ցեղասպանվելու։ Կանգնում, ասում են՝ պետք է խաղաղություն լինի, իրենց հետ լավ լինենք։ Ո՞նց լինենք, ինչպե՞ս լինենք։ Իսկական ղեկավար ունենայինք, այդ հարցը պետք է շուտ լուծված լիներ։ Բայց ո՞վ է լուծում։

44-օրյա պատերազմից հետ ասացին խաղաղություն։ Սակայն տեսանք սեպտեմբերի պատերազմը։ Տալ, տալ, մինչև ուր»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Քաղաքացիներին մտահոգում է այս իրավիճակը, սակայն դժվարանում են որևէ կոնկրետ քայլ նշել, որի կատարման դեպքում խնդիրը կլուծվի։

«Ինձ շատ է մտահոգում, բայց լուծում չեմ կարողանում գտել։ Անկայուն իրավիճակ է։ Րոպե առ րոպե իրավիճակ է փոխվում։

Այս իրավիճակում շատ հեռու է խաղաղության հասնելը»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

«Երեխաները,  կանայք, ծերերը դրսում են։ Մեղք չե՞ն։ Թող ղեկավարությունը գնա բանակցությունների, տեսնեն՝ ինչ են անում»,- նշեց քաղաքացիներից մեկը՝ միաժամանակ հավելելով, որ ոչ մի բանի հույս չունի։

Քաղաքացին նշեց, որ Հայաստանի իշխանությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության համար պատասխանատու չէ, նա հանձնել է այդ գործառույթը ռուս խաղաղապահներին։

«Ինձ համար ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն օգտագործում է  այն փաստը, որ Ռուսաստանը զբաղված է  Ուկրաինայով»,- ասաց նա։

Քաղաքացիները  Արցախի, Հայաստանի պաշտոնյաների կողմից արվող հայտարարությունները լուծում չեն համարում։

«Այնքան բաներ են քննարկել, քվեարկել, ոչ մի բանն էլ չի իրականացվել։ Չեմ հավատում։ Այսօրվա ղեկավարությանը ոչ մի հարցում չեմ հավատում։

Խաղաղ, խաղաղ,…  քիչ -քիչ երկիրը գնում է  դեպի Ադրբեջան։ Մտածում եմ՝ թե Արցախին, թե Հայաստանին լավ բան չի սպասվում»։

Քաղաքացիների կարծիքներն առավել մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder