Բեռլինի կենտրոնում պայթել է աշխարհի ամենամեծ գլանաձև ակվարիումը, որում կար  1,5 հազար ձուկ
Աշխարհում
17:10 16/12/2022
Աշխարհ

Բեռլինի կենտրոնում պայթել է աշխարհի ամենամեծ գլանաձև ակվարիումը, որում կար 1,5 հազար ձուկ

Բեռլինի Raddison հյուրանոցում անհայտ պատճառով պայթել է աշխարհի ամենամեծ գլանաձև ակվարիումը՝ հեղեղելով հյուրանոցն ու մոտակա փողոցները: Ըստ ԶԼՄ-ների՝ փողոցում այնքան ջուր կա, որ ստիպված են եղել փակել երթևեկությունը։

Բեռլինի ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպի հետևանքով երկու մարդ վիրավորվել է բեկորներից, նրանք հոսպիտալացվել են։ Տեղի իշխանությունները դեռ չեն հայտնել միջադեպի նախնական պատճառները։ 

Der Spiegel-ը, վկայակոչելով հրշեջ ծառայության հայտարարությունը, հայտնում է, որ «մեկ միլիոն լիտր ջրով լցված հսկա ակվարիումը, շատ արագ ոչնչացվել է»։ Ակվարիումում եղել է մոտ 1,5 հազար էկզոտիկ ձուկ (ընդհանուր մոտ 100 տեսակ)։

«Դա փոքրիկ ճեղք չէ, որից ջուր է դուրս գալիս, ամբողջ ակվարիումը հանկարծակի պայթել է»,- ասել է պարբերականի զրուցակիցը:

Նշվում է նաև, որ հյուրանոցի հյուրերին տարհանելու համար մի քանի ավտոբուս է ուղարկվել դեպքի վայր։

Տեղում հերթապահություն են իրականացնում վթարային-փրկարարական ծառայությունների շուրջ 100 աշխատակիցներ։

12,8 միլիոն եվրո արժողությամբ AquaDom գլանաձև ակվարիումը բացվել է 2003 թվականին: Ըստ DomAquaree կայքի՝ ակվարիումի բարձրությունը 14 մ է: Պորտալը նշում է, որ այն աշխարհի ամենամեծ գլանաձև ակվարիումն է: 2020 թվականի ամռանը ակվարիումը «զգալիորեն արդիականացվել է»։

Placeholder