Ադրբեջանը հետապնդում է Արցախի տնտեսության հիմքերը խարխլելու, բնակչությանը եկամտի աղբյուրից, աշխատատեղերից զրկելու նպատակ. դատախազություն
Իրավունք
13:29 19/12/2022
ԼՂՀ

Ադրբեջանը հետապնդում է Արցախի տնտեսության հիմքերը խարխլելու, բնակչությանը եկամտի աղբյուրից, աշխատատեղերից զրկելու նպատակ. դատախազություն

Արցախի Հանրապետության դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում. 

«Սույն թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպաններ, կեղծ պատրվակով ապօրինաբար զավթել են Արցախը Հայաստանին կապող ճանապարհը՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը: Երկու օր շարունակ Ադրբեջանը դիտավորությամբ դադարեցրել էր նաև ՀՀ-ից Արցախ գազի մատակարարումը:

Հիշյալ դեպքերի կապակցությամբ ԱՀ գլխավոր դատախազության կողմից անհապաղ նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակում ձեռնարկված քննչական, այդ թվում ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ՝

- Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի զավթումը կազմակերպած Ադրբեջանի քաղաքացիների գերակշռող մեծամասնությունը հատուկ ծառայությունների նախկին կամ ներկա աշխատակիցներ են.

- բարձրաձայնվող բնապահպանական խնդիրը ընդամենը օգտագործվում է որպես սեփական արարքները արդարացնելու և դրանց հիմնավոր տեսք հաղորդելու միջոց.

- Ադրբեջանը հետապնդում է Արցախի Հանրապետության տնտեսության հիմքերը խարխլելու, բնակչությանը եկամտի աղբյուրից, աշխատատեղերից զրկելու նպատակ.

- Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվող գործողությունները հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին, դրանով արձանագրված ստատուս-քվոյին.

- Արցախի Հանրապետության քաղաքացիները, որպես այդ տարածքի բնիկ ժողովուրդ և իրավատեր, միջազգային իրավունքի ուժով ունեն այդ տարածքի հողի, շրջակա բնական միջավայրի, բնության և ընդերքի տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունք, որը Ադրբեջանը փորձ է անում անտեսել ու չեզոքացնել»։ 

Placeholder
Ադրբեջանը հետապնդում է Արցախի տնտեսության հիմքերը խարխլելու, բնակչությանը եկամտի աղբյուրից, աշխատատեղերից զրկելու նպատակ. դատախազություն