Միխեիլ Սաակաշվիլու օրգանիզմում թունավորման աստիճանի վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել. Վրաստանի ԱՆ
Իրավունք
12:19 21/12/2022
Տարածաշրջան

Միխեիլ Սաակաշվիլու օրգանիզմում թունավորման աստիճանի վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել. Վրաստանի ԱՆ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու մարմնի թունաբանական հետազոտությունը ցույց է տվել, որ նրա օրգանիզմում նորմը գերազանցող թունավոր նյութեր չկան։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում ասել է Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայության բժշկական բաժնի ղեկավար Մալխազ Ուրթքմելիձեն։

Մասնագետի խոսքով՝ հետազոտությունն անցկացվել է ԱՄՆ լաբորատորիաներից մեկում, Վրաստանից փաստաթղթերը ներկայացրել է Empathy կենտրոնը։

«Պարզվեց, որ այս լաբորատորիայի տված թվերը, այսինքն՝ արդյունքը, եթե կարելի է այդպես ասել, նորմայից ցածր է։ Այսինքն՝ նույն փաստաթուղթը հաստատում է, որ օրգանիզմում թունավորման քանակությամբ թունավոր նյութեր չկան»,-ասել է Ուրթքմելիձեն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը Վրաստանին կոչ է արել Սաակաշվիլիին բժշկական և հոգեբանական օգնություն ցուցաբերել։

Սաակաշվիլին Վրաստան է վերադարձել 2021 թվականի հոկտեմբերի 1-ին և անմիջապես ձերբակալվել։ Նա մեղադրվում էր սահմանն ապօրինի հատելու, բյուջետային միջոցների յուրացման և «Իմեդի» հեռուստաընկերությանը նյութական վնաս հասցնելու մեջ։ Նա նաև հեռակա դատապարտվել է երկու քրեական գործերով՝ 2006 թվականին բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանությանը և 2005 թվականին նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիի վրա հարձակում կազմակերպելու համար։

Placeholder