ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Նաիրա Այվազյանը
Կրթություն, գիտություն
16:57 22/12/2022
Հայաստան

ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Նաիրա Այվազյանը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում նախօրեին ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվել է կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գործունեությունը՝ Նաիրա Այվազյանը նշել է, որ ինստիտուտն ընդլայնել է իր գիտական ուղղվածությունը։

«Բացի նեյրոֆիզիոլոգիայից, որը մեր ավանդական գիտական ուղղվածությունն է, ներկայում ինստիտուտը զբաղվում է նյարդաֆիզիոլոգիայով, նյարդային համակարգի ինտեգրատիվ, պլաստիկ հատկությունների հետազոտություններով, կենտրոնական կարգավորման մեխանիզմների շարժողական և վեգետատիվ ֆունկցիաների հետազոտությամբ, գործնական առաջարկությունների զարգացմամբ։ Մեր կողմից նաև իրականացվում են մի շարք դրամաշնորհային ծրագրեր», - ասել է Նաիրա Այվազյանը։

Ինստիտուտին կից գործում է Հայկական ֆիզիոլոգիական ընկերությունը և Ուղեղի հետազոտությունների միջազգային միության Հայաստանյան մասնաճյուղը: Ըստ Նաիրա Այվազյանի՝ «Հորիզոն Եվրոպա» գիտական ծրագրի շրջանակներում ինստիտուտում հիմնվելու է գերազանցության կենտրոն:

Նաիրա Այվազյանը ծնվել է 1973 թվականին՝ Երևանում: 1995 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը: 2002 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, 2015 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը: Նաիրա Այվազյանի մասնագիտական հետաքրքրություններն ընդգրկում են կենսաֆիզիկան, կենսաքիմիան, ֆիզիոլոգիան, ռադիոկենսաբանությունը: Նա 140 տպագիր աշխատանքի, այդ թվում 1 ուսումնամեթոդական գրքի հեղինակ է:


1996-2011 թվականներին նա աշխատել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնում՝ լաբորանտից մինչև ավագ գիտաշխատող: 2010-2012 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտության տեղեկատվության վերլուծության և մոնիտորինգի կենտրոն-լաբորատորիայի վարիչը: 2011-2012 թվականներին ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի Թունաբանական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավարն էր: 2012 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում:

Նաիրա Այվազյանը Թունաբանության միջազգային միության Եվրոպական սեկցիայի նախագահն է, Համահայկական կենսաֆիզիկական ասոցիացիայի փոխնախագահը: Անդամակցում է Եվրոպական կենսաքիմիական կազմակերպությունների ֆեդերացիային, Եվրոպական կենսաֆիզիկական կազմակերպությունների ասոցիացիային: Նա Toxicon (Elsevier) միջազգային հանդեսի խմբագրական կազմի և Երևանի պետական համալսարանում գործող ՀՀ ԲՈԿ-ի Կենսաֆիզիկայի 051 մասնագիտական խորհրդի անդամ է:

 

Placeholder
ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Նաիրա Այվազյանը