Ուզբեկստանում պարացետամոլի չարաշահման պատճառով 18 երեխա է մահացել
Աշխարհում
12:29 27/12/2022
Աշխարհ

Ուզբեկստանում պարացետամոլի չարաշահման պատճառով 18 երեխա է մահացել

Ուզբեկստանի առողջապահության նախարարությունը պարզել է, որ Սամարղանդում «Doc-1 Max» դեղամիջոցը օգտագործած 18 երեխաների մահվան պատճառը եղել է տնային բուժման ընթացքում դեղամիջոցի չափից մեծ դոզայի ընդունումը: «Ինտերֆաքս»-ը գրել է, որ, երեքշաբթի այդ մասին հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ «Doc-1 Max» օշարակի ընդունման արդյունքում սուր շնչառական հիվանդությամբ հիվանդացած 21 երեխաներից մահացել է 18-ը։ Պարզվել է, որ մահացած երեխաները, մինչ ստացիոնար բուժման ընդունվելը, այդ դեղը տանը ընդունել են 2-7 օր, օրը 3-4 անգամ, 2,5-5 մլ, որը գերազանցում է դեղամիջոցի ստանդարտ չափաբաժինը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, բոլոր երեխաներին դեղը տրվել է առանց բժշկի նշանակման։ Դեղամիջոցի հիմնական բաղադրիչը պարացետամոլն է, և ծնողները սխալ են օգտագործել «Doc-1 Max» օշարակը որպես հակամրսածության միջոց ինքնուրույն կամ դեղատան աշխատակիցների առաջարկությամբ:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախնական լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ «Doc-1 Max» օշարակի այս շարքը պարունակում է էթիլեն գլիկոլ։ Այս նյութը թունավոր է, և մոտ 1-2 մլ/կգ 95% խտացված լուծույթը կարող է լուրջ փոփոխություններ առաջացնել հիվանդի առողջության մեջ՝ փսխում, ուշագնացություն, ցնցումներ, սրտանոթային խնդիրներ և երիկամների սուր անբավարարություն։

 

Placeholder
Ուզբեկստանում պարացետամոլի չարաշահման պատճառով 18 երեխա է մահացել